Համակարգչային լսարան՝ Գորիսի պետական համալսարանին
Կրթությանն աջակցության 4 տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում` «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերությունը ներդրում է կատարել Սյունիքի մարզում գործող պետական միակ համալսարանում, որի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան ավելի արագ ինտեգրվել ինֆորմացիոն դարի պահանջներին և ապահովել կրթական առավել արդյունավետ գործընթաց:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը Գորիսի պետական համալսարանին տրամադրել է դասախոսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող` ուսանողների հետ հաղորդակցություն ապահովող ինտերակտիվ 2 գրատախտակ լուսարձակներով, լազերային 2 տպիչ, Home-Zone Turbo փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ և ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարան:
Ընկերության տրամադրած Wi-Fi կապը համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կապահովի համալսարանի գրեթե ամբողջ տարածքում:
«Մենք կարևոր ենք համարում երիտասարդների ներուժը բացահայտելու և կրթվելու նրանց իրավունքը խրախուսելու արդար մոտեցումը: Մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստը չպետք է էական խոչընդոտ հանդիսանա գոյություն ունեցող ժամանակակից լուծումներից օգտվելու համար: Գիտելիքների զինանոցից արդյունավետ օգտվելու հարցում կարևոր դեր ունեն տեխնիկական միջոցները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այստեղ գտնվելն ապացուցում է կարևոր այդ նպատակներին հասնելու մեր վճռականությունը»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Գորիսի պետական համալսարանի հետ հեռահաղորդակցության առաջատար օպերատորի համագործակցությունը դրսևորվել է նաև ուսանողների համար կազմակերպված մասնագիտական պրակտիկայի`տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման տեսքով:
Իրականացվել է նաև կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով 18 ուսանողի ուսման վարձավճարի փոխանցման ծրագիրը:










