Facebook-ը մինչև տարեվերջ մտադիր է սեփական սմարթֆոն ունենալ

11:24 • 28.05.12

Խոշորագույն Facebook սոցիալական ցանցը, որը միավորում է ավելի քան 900 մլն օգտատերերի աշխարհով մեկ, աշխատում է սեփական սմարթֆոն ստեղծելու ուղղությամբ, որը կարող է ներկայացվել մինչև տարեվերջ, գրում է The New York Times-ը:

 

Սա Facebook-ի` սմարթֆոն ստեղծելու արդեն երրորդ փորձն է: Առաջին անգամ ընկերությունն այս ուղղությամբ աշխատանքներ սկսել էր 2010թ.-ին, սակայն այդ ժամանակ նախագիծը չիրականացավ: Հաջորդ տարի Facebook-ը փորձեց սմարթֆոն ստեղծել թայվանական HTC ընկերության հետ:


The New York Times-ը` վկայակոչելով ընկերության տեղեկացված աղբյուրներին, նշում է, որ Facebook-ն արդեն աշխատանքի է հրավիրել Apple ընկերության նախկին աշխատակիցներին, որոնք մասնակցել են iPhone սմարթֆոնի ծրագրային ապահովման ու տեխնոլոգիական միջուկի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև iPad պլանշետի ստեղծման աշխատանքներին մասնակցած մեկ ինժեների:


Թերթի կարծիքով` Facebook-ի ցանկությունն ունի իր բացատրությունը.«Նրան անհրաժեշտ է եկամտի նոր աղբյուրներ որոնել: Բացի այդ, այժմ Facebook -ը զիջում է իր մրցակիցներին արագ տեմպերով աճող բջջային բարձրտեխնոլոգիական սարքավորումների շուկայում»:


Ընկերությունն իր գաղափարը գաղտնի է պահում` ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով նման տեղեկությունը: Եթե նրան հաջողվի, այնուամենայնիվ, սեփական սմարթֆոն ունենալ, ապա այն կմրցի Apple-ի, իսկ առաջին հերթին` Google ընկերության ու դրա Android բջջային պլատֆորմի հետ:

Facebook-ը մինչև տարեվերջ մտադիր է սեփական սմարթֆոն ունենալ