Ծիր Կաթինի ու Անդրոմեդայի միգամածության միաձուլումն անխուսափելի է. NASA
Երկու գալակտիկաների` Ծիր Կաթինի, որտեղ գտնվում է Արևային համակարգը, և Անդրոմեդայի միգամածության միաձուլումն անխուսափելի է, սակայն դրա հետևանքով Երկիր մոլորակը չի քայքայվի ու մարդկությունը չի տուժի: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` նման եզրահանգման են եկել NASA-ի գիտնականները, որոնք նման տվյալներ ստացել են Hubble ուղեծրային ատղադիտարանից, որն արդեն 22 տարի շարունակ ուրախացնում է աստղագետներին տիեզերական օբյեկտների վիճակի ու շարժման մասին բացառիկ տեղեկություններով:
NASA-ում հրավիրված ասուլիսում Բալտիմորի Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի աշխատակից Ռոլանդ վան դեր Մարելը հայտնել է, որ Hubble-ի կողմից տարբեր ժամանակահատվածներում արված Անդրոմեդայի միգամածության լուսանկարները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել, որ այն մոտենում է Ծիր Կաթինին 400.000 կմ/ժ արագությամբ:
Ըստ նրա` գալակտիկաների միավորումը կսկսվի մոտավորապես 4 մլրդ տարի անց և ամբողջությամբ կավարտվի 6 մլրդ տարի անց: Այս գործընթացին խանգարել ոչ ոք և ոչինչ չի կարող, իսկ նրանց միաձուլումից կստեղծվի նոր գալակտիկա, որը կունենա այլ` առավել էլիպտիկ ձև և տիեզերական մարմինների «պակաս խտություն»:
Գիտնականի խոսքով` Արեգակը, որի «վառելիքը կբավականացնի դեռ նվազագույնը 6 մլրդ տարի», կփոխի իր հետագիծը, ու, հնարավոր է, այն գտնվի գալակտիկական կենտրոնից հեռու: Միևնույն ժամանակ, կմեծանա աստղերի միջև հեռավորությունը, այլ կլինի աստղային երկինքը:
Նոր գալակտիկայի ձևավորումը կուղեկցվի այլ հետաքրքիր երևույթներով, այդ թվում` կմիաձուլվեն Ծիր Կաթինում և Անդրոմեդայի միգամածությունում գտնվող սև անցքերը:
Վան դեր Մարելն ընդգծել է, որ լիովին բացառել Արեգակի կամ Երկրի բախումն Անդրոմեդայի միգամածության տիեզերական օբյեկտների հետ պետք չէ, սակայն դրա հավանականությունը «շատ քիչ» է: Այդ իսկ պատճառով, եթե մարդկությունը պահպանվի 4 մլրդ տարի, ապա այն կարող է հանգիստ տանել գալակտիկաների միաձուլումը:










