Ապագայում հնարավոր է, որ մարդկանց գլխին շտրիխ կոդ դաջեն. հետազոտություն
Բոլորիս հայտնի մանրաչիպերը վաղուց արդեն գործածվում են աշխարհի մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից: Դրանց կիրառումը հիմնականում միտված է հանցգործների բացահայտման և վնասազերծման, ինչպես նաև խետախուզական նպատակներով:
Մինչդեռ շտրիխ կոդի առկայությունն ավելի հաճախ կիրառվում է ապրանքատեսակների արտադրության և վաճառքի ոլորտում: Դրանց շնորհիվ հնարավոր է տեղեկանալ թե տվյալ ապրանքատեսակը որ երկրում և որ քաղաքում է արտադրվել: Ինչպես նաև այն օգտագործվում է ապրանքատեսակի արժեքը պարզելու համար:
Ինչպես նշում է «Նյու Յորք Դեյլի Նյուզ»-ը, օրերս ամերիկացի գիտնական Էլիզաբեթ Մունն անդրադառնալով մարդկանց «շտրիխկոդավորման» գաղափարին նշել է, որ չի կարծում թե պարտադիր է, որ մարդիկ ապագայում հարկադրված կլինեն «կոդավորվել»:
Մունը նշել է, որ գիտության մեջ վաղուց արդեն հայտնի փաստ է, որ բազմաթիվ կենդանիների վրա շտրիխ կոդեր են դջում, սակայն դա արվում է միայն հատուկ նպատակներով` հիմնականում գիտական հետազոտությունների կամ պաշտպանողական:
«Չեմ կարծում, որ պարդադիր է, որ բոլոր մարդիկ իրենց մարմնին շտրիխ կոդ ունենան»,- այդուհանդերձ ամերիկուհին նշել է, որ ժամանակակից աշխարհում ամենից շատ կարևորվում է տեղեկության արագությունը, ուստի տարատեսակ սարքավորումները, տեսահսկման սարքերն ու նույնացման քարտերը տեղեկություն ստանալու համար կարող են շատ ավելի երկար ժամանակ պահանջել քան շտրխ կոդը:
Պարզաբանելով վերոնշյալը, Մունը կարծում է, որ շտրիխ կոդը թերևս ամենակայուն ու պարզ տարբերակը կլինի մարդու մասին տեղեկություն իմանալու և պահպանելու համար:
Նշվում է, որ թեև գիտնականները վաղուց արդեն կարող են մարդկանց գլխին շտրիխ կոդի դաջվածքներ անել, այնուամենայնիվ հարց է առաջանում. դա մարդու իրավունքների ոտնահարում է, թե՞ ոչ:
Քիչ չեն նաև նրանք, ովքեր դեմ են մարդկանց գլուխներին ապագայում շտրխ կոդ դաջելու մտքին: Նրանց կարծիքով` շտրիխ կոդի առկայության դեպքում բոլորն անընդհատ վերահսկողության մեջ կգտնվեն:
«Հենց մենք թույլատրենք կառավարությանն ընթանալ այս ճանապարհով, կնշանակի, որ մենք այդ պահից սկսված կկորցնենք մեր անձնական կյանքը»,- ասել է ԱՄՆ-ի քաղաքացիական ազատության միության ներկայացուրիչ Դեյվ Սթենլին:
Եզրափակելով հոդվածը, պարբերականը մի հարց է բարձրացրել. «Շտրիխ կոդի առկայությունը կնպաստի՞ հասարակության կազմակերպված գործողություններին, թե՞կզրկի նրան ազատությունից»:










