Մանկական ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու պաշտոնական հայտարարությունից այս կողմ ոչ մի քայլ չի արվել. ուռուցքաբան
Մանկական ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու մասին Առողջապահության նախարարության կողմից մի քանի ամիս առաջ արված պաշտոնական հայտարարությունից այս կողմ ոչ մի քայլ չի արվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մանկական ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը և նշեց, որ շատ երկրներում հասկացել են, որ, քանի որ այս հիվանությունը հազվադեպ հանդիպող է, ապա մի շարք կենտրոններում դժվար է ունենալ տարբեր սարքավորումներ և ավելի լավ է կենտրոնացնել բուժումը: «Նույնը մեզ էլ է շատ-շատ հարկավոր, ինչի մասին հայտարարվեց, բայց ժամանակներն անցնում են, և ես տեսնում եմ, որ ոչ մի քայլ արված չի: Եթե դա չստեղծվի և մենք չունենանք փոխպատվաստում, չունենանք ինտենսիվ թերապիա, չունենանանք նոր սարքավորումներ, ցավոք բուժումը շատ կտուժի»,-ասաց մասնագետը և հավելեց, որ արդեն իսկ բացասական ազդեցությունը նկատելի է:
Ըստ բժշկի՝ Հայաստանում տարեկան 80-85 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ եթե զարգացած երկրներում երեխաների մոտ 80%-ն է լիարժեք հաղթահարում է այս հիվանդությունը, ապա Հայաստանում միայն 65 %-ին է հաջողվում վերջնական բուժում ապահովել:
«Պատճառները շատ են. առաջին հերթին լավ մասնագետների պակասն է, երկրորդ հերթին՝ լավ ախտորոշում ունենալու համար անհրաժետ սարքավորումները: Մենք տարեցտարի հետ ենք ընկնում, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում: Եթե մի քանի տարի հետո մենք չունենանք նորագույն տեխնոլոգիաներ, բուժվող երեխաների թիվը կիջնի, քանի որ քաղցկեղը շատ ագրեսիվ է, իսկ մենք չունենք բուժման համար կարևոր միջոցներ»,- ահազանգեց մասնագետը:
Լավագույն սարքավորումներով արտասահմանում բուժում ստանալու համար անհրաժեշտ գումարը Գրիգոր Բադալյանի խոսքով՝ բավական թանկ է. «Մանկական ուռուցքաբանությունը համարվում է ամենաթանկ ոլորտներից մեկը, որովհետև աշխարում մոտեցումն այսպես է՝ ինչ-լավ բան կա, տրվում է երեխաներին, նոր, թանկարժեք դեղորայք, նոր, թանկարժեք տեխնիկա, ամեն ինչ»,- նշեց նա և ավելացրեց, որ արտասահմանում օրինակ լիմֆոգրիան՝ ավշային հանգույցների հիվանդության բուժումը, որը տևում է մոտ 8 ամիս, արժե մոտ 100-120 հազ եվրո:
Քաղցկեղի առաջացման պատճառերն ըստ բժշկի՝ դեռևս մեծամասամբ անհայտ են, և եթե մեծահասակների և երեխաների մոտ առաջացած քաղցկեղը տարբեր է և՛ ձևերով, և՛ բուժման արդյունքներով, ապա երեխաների դեպքում հիմնականում այն պարզված չէ: «Մեծահասակների մոտ հիվանդության առաջացման պատճառներից մի քանիսը հայտնի են, ինչպես օրինակ՝ քաղցկեղածին նյութերը ծխախոտի, սննդի մեջ, նաև նախաքաղցկեղային խորը հիվանդությունները՝ կանաց մոտ մաստոպատիան, կամ էռոզիաները, տղամարդկանց մոտ ստամոքսի խոցն է կամ այլն: Երեխաների մոտ ոչ մի գործոն չի աշխատում, որովհետև այդ իմ նշածները տարիներ են պետք, որ առաջանան քաղցկեղ: Երեխաների մոտ ամեն ինչ կատարվում է արագ»,-ասաց նա:
Դրանով հանդերձ, նա մի քանի բացատրություն տվեց, ըստ որոնց, հիվանդության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ հղի կինը: «Նա պետք է առողջ կյանքով ապրի՝ չծխի, չխմի և այլն, վաղը չէ մյուս օրը այդ նույն քաղցկեղածին նյութերը չանցնեն պտղին»,-ասաց նա:
Բժիշկը հիշեցնում է, որ սնունդը, շրջակա միջավայրը և ամենից շատը ծխելը մեծ նշանակություն ունեն. «Չնայած երկու օր առաջ խոսեցին, թե նվազելէ ծխողների թիվը ես դրան համամիտ չեմ: Շատ-շատ են ծխում և երեխաների կողքը և երիտասարդ մայրերի մոտ»:
Ժառանգուականության գործոնը նա շատ քիչ համարեց: Ըստ նրա, եթե մեծերի մոտ ավելի հաճախ է այն հանդիպում, ինչպես օրինակ՝ կրծքի կամ ստամոքսի քաղցկեղն է, ապա երեխաների քաղցկեղի դեպքում ժառանգականությունը հազվադեպ է նկատվում: «Միայն մեկ քաղցկեղ կա՝ աչքի ուռուցքը, դա է ժառանգական փոխանցվում»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ Հայաստանում ընթացիկ բուժվող երեխաների թիվը 300-400-ն է, որոնց նկատմամբ ըստ մասնագետի, պետության կողմից առանձնահատուկ վերաբերմունք չկա:
««Նվիրիր կյանք» կազմակերպությունը, որը ղեկավարում է առաջին տիկինը, շատ բան է անում, դեղեր է հատկացնում, ինչը շատ լավ գործ է և կարևոր, բայց այդ ամենով հարցը չի լուծում, դա ժամանակավոր է: Դեղը ստացավ, կամ գնաց Մոսկվա, դրանով հարցը չլուծվեց»,-ավելացրեց նա:










