Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

15:44 • 05.06.12

Սնկային հիվանդությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում հատկապես տարվա տաք եղանակին` գարնանը և ամռանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:


«Ամռանը հիմնական նպաստող պայմանը մարդկանց մոտ գերքրտնարտադրությունն է»,- ասաց Ա. Ղազարյանը, նշելով, որ տաք եղանակներին սնկային հիվանդությունների առաջացմանը նպաստում են սինթետիկ նյութերից պատրաստված գուլպաներն ու կոշիկները:


«Սնկային հիվանդություն ունեցողը պետք է լիովին բուժվի, ինչպես նաև պետք է ժամանակին հայտնաբերվեն այն մարդիկ, ովքեր շփվել են հիվանդի հետ»,- նշեց մասնագետը։


Արտակ Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում ռիսկային գոտիներում, որտեղ սնկային հիվանդությունների առաջացման հավանականությունը անհամեմատ մեծ է, դրանք են սպորտդահլիճները և լողավազանները:


«Նման հանրային վայրեր հաճախող մարդիկ պետք է պարտադիր ենթարկվեն բժշկական հետազոտության»,- ասաց բժիշկը` հավելելով, որ հենց լողավազաններում են ստեղծված սնկով վարակվելու պայմաններ. մեկ հիվանդից մյուսին վարակը ավելի հեշտ է փոխանցվում:

 

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ