Ֆրոյդի տեսակետն ապացուցվել է.ընկճախտը կապված է մեղքի զգացման հետ. հետազոտություն
Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի այն տեսակետը համաձայն որի` ընկճախտի և մեղքի զգացման միջև ուղիղ կապ կա, գրում է One News Page-ը:
Նրանք ապացուցել են, որ ընկճախտի առաջացման հարցում մեղքի զգացումն առաջնային դեր ունի: Այս հիվանդությամբ տառապողների ուղեղները բոլորովին այլ կերպ են արձագանքում սեփական մեղավորության զգացումին, նույնիսիկ այն դեպքում, երբ հիվանդության ախտանիշներն արդեն վերացել են:
Գիտնակնները մինչ այս տեսակետին հանգելը մագնիսական ռեզոնանսի միջոցով ստացել են` 1 տարուց ավելի ընկճախտով տառապող և դրանից զերծ մնացած մարդկանց ուղեղների պատկերները: Երկու խմբերի մարդկանց ուղեղների պատկերների համեմատության ընթացքում գիտնականները բացահայտել են, որ ընկճախտով տառապողների ուղեղների` մեղքի զգացման համար պատասխանատու հատվածները զգալի տարբերվում են այդ հիվանդությամբ երբևէ չտառապած մարդկանց ուղեղներից:
«Մեր հետազոտությունը հիմնավոր կերպով ապացուցում է Ֆրոյդի այն հանրահայտ տեսակետը, որ ընկճախտն էապես տարբերվում է սովորական տխրությունից, քանի որ այդ հիվանդության ընթացքը զուգորդվում է մեղքի զգացման և ինքնաքննդատման երևույթներով»,- ասել է ուսումնասիրության ղեկավար Ռոլանդ Զանը:










