Ճանապարհային անհարթությունը էլեկտրաէներգիայի աղբյուր կհանդիսանա
Գերմանացի գիտնականները էլաստոմետրեր են ստեղծել, որոնք ոչ միայն արդյունավետ մարում են անցանկալի տատանումները, այլ նաև էլեկտրական էներգիա են արտադրում, հաղորդում է fraunhofer.de-ն:
Ինժեներների նորամուծությունը հիմնված է էլեկտրաակտիվ պոլիմերների օգտագործման վրա: Այդ նյութերը փոփոխում են իրենց ձևը էլեկտրական հոսանքի ազդեցությամբ: Ռոբոտատեխնիկայում դրանք որպես գծային շարժիչներ են օգտագործվում:
Գերմանացիները էլեկտրաակտիվ պոլիմերների հիման վրա բազմաշերտ սարք են ստեղծել, որտեղ պոլիմերի շերտերի վրա մետաղական էլեկտրոդներ են դրվում, որոնք կառավարում են պոլիմերի կծկումը և ընդլայնումը:
Ստացված սարքին միացվում է տատանմանը զգայուն տվիչներ և ակտիվացվում է տատանման հակաֆազայով պոլիմերի շարժումը: Արդյունքում տատանումները գրեթե ամբողջությամբ կլանվում են սարքով, որը ինժեներները անվանել են «ակտիվ էլաստոմետր»:
Հեղինակները նաև ցույց են տվել, որ պասիվ ռեժիմում նման սարքը կարող է նաև էներգիա արտադրել՝ կլանելով արտաքին տատանումները: Արտադրվող էներգիայի քանակը մեծ չէ, սակայն բավական է ավտոնոմ սնուցում պահանջող որոշ տվիչների սնուցման համար, ինչպես օրինակ` մեքենայի կամրջակների վրա տեղադրված տատանման տվիչները:
Գերմանացի ինժեներները հույս ունեն, որ ստացված սարքը կարող է կիրառվել ավտոմեքենաների արտադրության մեջ` տատանումները նվազեցնելու և ինքնուրույն սնուցման աղբյուր ստեղծելու համար:










