Արմավիրում «Զենիթ» հակակարկտային 5 կայան է տեղադրվել
«ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերությունը հակակարկտային 5 կայան է տեղադրել Արմավիրի մարզում։
Այս տարվա ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ և Արգինա գյուղերում ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրման և տեղակայման համար:
Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ կերպով` բջջային հեռախոսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրություններ:
Վերջինիս տեխնիկական ապահովումը իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կապի միջոցներով, ընդ որում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործվել է արևային էլեկտրասնուցման համակարգ:
Հակակարկտային համակարգը բաղկացած է գազագեներատորից և գործարկման ավտոմատ համակարգից: Կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը:
Համաձայն այս մեթոդի, դեպի վեր ուղղորդված հարվածային ալիքների դաշտը ներազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա, դրանով իսկ չեզոքացնելով կարկուտի առաջացման և հետագա հասունացման հնարավոր նախապայմանները և գոյացումները:
«Հաճախ` գարնանը կարկուտը զգալի վնաս է հասցնում գյուղացիներին: Սա նաև կորուստների է բերում Հայաստանի ամբողջ գյուղատնտեսության համար, որը և առաջնային, և, միևնույն ժամանակ, տնտեսության ամենախոցելի ոլորտներից է. զգալի ժամանակ և ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետևանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում»,– ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Սա հսկայական կորուստ է թե երկրի տնտեսության, և թե մասնավոր տնտեսությունների համար: Հակակարկտային կայանները կօգնեն ավելացնել գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` բարելավել մարզերի բնակչության կյանքի որակը»,- ավելացրել է նա:
2008-2010 թթ. ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ: Գյուղական համայնքներում 4 տարում ընդհանուր առմամբ 165 միլիոն ՀՀ դրամ գումարի ներդրումների միջոցով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ցանկանում է օգնել նվազագույնի հասցնել բերքի կորուստը և ապագայում գյուղացիների` կայուն զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Հինգ գյուղում մոտ 90 տոկոս արդյունավետությամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում այժմ հնարավոր կլինի պաշտպանել 800 հեկտար մշակված հողատարածք: «Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել և արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր և արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ:










