Չիլիում կկառուցվի ևս մեկ աշխարհի խոշորագույն հեռադիտակներից մեկը
Հաստատվել է Չիլիում կառուցվելիք աշխարհի ամենամեծ օպտիկական հեռադիտակի շինարարության նախագիծը, հաղորդում է BBC-ն:
Նախատեսվում է, որ Ատակամա անապատի հարավեվրոպական աստղադիտարանի գլխավոր հայելին 42 մետր տրամագիծ կունենա, իսկ հեռադիտակը 4 անգամ ավելի հզոր կլինի իր նախորդից` ներկայիս ռեկորդակիր հեռադիտակից, որը կառուցված է նույն վայրում և «շատ մեծ հեռադիտակ» անվանումն է ստացել:
Նոր նախագիծը, որ «Չափազանց մեծ հեռադիտակ» անվանումն է ստացել, իրականացվում է 15 եվրոպական երկրների համագործակցության արդյունքում և պետք է ավարտին հասցվի 2022թ.:
Այն հարկատուներին մոտ 1 մլրդ եվրո կարժենա, սակայն բացառված չէ, որ շինարարության ընթացքում դրա արժեքը կարող է աճել:
Նոր հեռադիտակով գիտնականները հույս ունեն հեռավոր էկզոմոլորակներ հայտնաբերել, սև անցքերի բնույթը բացահայտել, գալակտիկայի ստեղծման պատմությունը ուսումնասիրել, ինչպես նաև մութ էներգիայի և մութ նյութի գաղտնիքների մեջ թափանցել:










