Անանիա Շիրակացու մասին՝ համացանցային կայքէջ
Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայկական աստղագիտական ընկերության կողմից ստեղծվել է Շիրակացուն նվիրված համացանցային կայք-էջ (http://aras.am/Shirakatsi/index.html), որտեղ առավել լիարժեք տեղեկություններ են տրված Շիրակացու կյանքի և գործունեության, հետազոտությունների բնագավառների, աշխատությունների, նրան նվիրված գրականության և այլնի մասին: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Հայտնի է, Շիրակացու հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012թ. նշանակալից տարեդարձների թվում և Հայաստանում նշվում է կառավարական մակարդակով՝ մի շարք միջացառումների տեսքով: Անանիա Շիրակացին (612-685) հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է. փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիրը Հայաստանում:
Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման վրա: ՀԱԸ կայք-էջում հավաքված են և ապագայում ավելացվելու են Շիրակացուն առնչվող զանազան տեղեկություններ և նյութեր, տրված են արտաքին հղումներ Շիրակացու անվան Լուսնի խառնարանի, համալսարանի, ճեմարանի, մեդալի, հուշադրամի և այլ կայք-էջերին:
Տեղեկացնենք, որ ներկայացված է հոբելյանական միջոցառումների ցանկը, որոնց թվում կարևորագույններն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին կազմակերպվող երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը և սեպտեմբերի 25-28-ին նախատեսվող «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը:
Տարվա ընթացքում իրականացվելու է Հայաստանի պատմա-աստղագիտական ժառանգության ուսումնասիրություն և համակարգում. համապատասխանաբար առանձին էջ նվիրված է այդ բնագավառին, որտեղ ներկայացված են տեղեկություններ հնագույն աստղադիտարանների, աստղագիտական բնույթի ժայռապատկերների, հնագույն օրացույցի, միջնադարյան աստղագիտական քարտեզների, հայ միջնադարյան աստղագետների և այլնի մասին: Բերված է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնք առնչվում են պատմա-աստղագիտական հարցերին և աստղագիտական ժառանգությանը:
Կայքէջը գործում է հայերեն և անգլերեն տարբերակներով:










