Իտալացի գիտնականների թեորեմը` «գեյ-գենը» միասեռականների մայրերին դարձնում է բազմազավակ
Իտալացի գիտնականները ենթադրում են, որ արական համասեռամոլությունն անմիջականորեն կապված է մայրական գեների հետ, գրում է The Daily Mail-ը:
Էվոլյուցիայի համաձայն` համասեռամոլությունը որպես երևույթ երկար գոյատևել չի կարող, քանի որ չի ենթադրում սեռական հարաբերություններ կանանց հետ, և հետևաբար, սերնդի շարունակություն: Սակայն Իտալիայի Պադուայի համալսարանի գիտնական Անդրեա Կամպերիո Չիանիի ուսումնասիրությունն ապացուցում է, որ գոյություն ունի գեյերի ու նրանց մայրերի, ինչպես նաև մորաքույրների միջև կապ. այս կանայք, որպես կանոն, ունենում են ավելի շատ երեխաներ, քան հետերոսեքսուալ տղամարդկանց հարազատները:
Այս փաստը, ըստ Չիանիի, հաստատում է այն թեորեմը, որ արական համասեռամոլության հանգեցնող գենը հանգեցնում է նաև կանանց պտղաբերության: Չնայած նրան, որ «գեյ-գենը» չի կարող փոխանցվել անմիջապես, այն կարող է մնալ «ընտանեկան գեներում» ու փոխանցվել սերնդեսերունդ:
Գիտնականներին դեռ հայտնի չէ` մեկ թե քանի գեն է պատասխանատու նման երևույթի համար, սակայն իտալացի գիտնականների ենթադրությամբ` դա (կամ դրանք) փոխանցվում են Х- քրոմոսոմով: Տղամարդիկ ժառանգում են միայն մեկ Х- քրոմոսոմը` մորից, և եթե այն ներառում է «գեյ-գենը», ապա հավանական է, որ տղամարդը դառնա համասեռամոլ, իսկ նրա մայրն ու մայրական կողմի հարազատները` բազմազավակ:
Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների, այս գենը (կամ գեները) տարբեր կերպ է ազդում երկու սեռերի ներկայացուցիչների վրա. եթե «գեյ-գենը» տղամարդուն դարձնում է համասեռամոլ, ապա կնոջը` առավել հմայիչ` տղամարդկանց համար: Այս կանայք հազվադեպ են կանացի հիվանդություններ ու հղիության ժամանակ խնդիրներ ունենում: Ըստ Չիանիի` նրանք հակված են լինել առավել զվարճալի, երջանիկ, քիչ են կենտրոնանում ընտանեկան խնդիրների վրա:
Մի խոսքով` համեմատած այլոց հետ, նրանք իդալական են տղամարդկանց համար:










