Ո՞ւմ կարող են դիմել Ֆեյսբուքստանի ղեկավարությունից դժգոհ օգտատերերը. Foreign Policy

18:08 • 15.06.12

Հունիսի 1-ին Թայվանի մայրաքաղաք Թայփեյում առանց բացատրության արգելափակվեց քաղաքական ակտիվիստ Հո Ցուն-հսունի Facebook-ի էջը: Գիշերն ուշ էջի մուտքը վերականգնվել էր՝ էլի առանց բացատրության: Նմանատիպ խնդիրներ էին ունեցել նաև թայվանցի մի շարք այլ քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ: Կարծելով, որ պատիժ են կրում կայքի որոշ կանոններ չպահպանելու համար՝ քաղաքապետարանի աշխատակից Հո Ժի-Ուեյը բաց նամակ հղեց Մարկ Ցուկերբերգին…

 

Ասիական այս միջադեպի նկարագրությամբ է FP-ն սկսում իր անդրադարձը, թե Ֆեյսբուքստանն ինչպես է իրականացնում իր քաղաքականությունը և որտեղ կարող են դիմել դրանից դժգոհ օգտատերերը:

 

«Միջադեպը ընդգծում է, թե ամբողջ աշխարհում մարդիկ ինչ աստիճանի են սկսել ապավինել Facebook-ին՝ քաղաքական ակտիվիզմի և լուրջ զրույցների հարցում՝ Իրանի Կանաչ շարժումից ու եգիպտական հեղափոխականներից մինչև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերընտրման արշավ: Facebook-ը ֆիզիկական երկիր չէ, սակայն 900 մլն օգտատերերով դրա «բնակչությունը» 3-րդն է՝ Չինստանից ու Հնդկաստանից հետո: Գուցե Facebook-ը չի հարկում կամ բանտարկում իր բնակիչներին, սակայն դրա ղեկավարները, ծրագրավորողները և ինժեներները իրականում կառավարման ձև են բանեցնում մարդկանց առցանց գործունեության ու ինքնությունների նկատմամբ». գրում է հանդեսը՝ Ֆեյսբուստանի իր դիտարկման մեջ:

 

«Թվում է մարդու իրավունքների և պատասխանատվությունների ռիսկերի ենթակա լինելն ընդունելով է, որ՝ Facebook-ը վերջերս դարձավ Global Network Initiative-ի՝ ինտերնետում և հեռահաղորդակցության ոլորտում ազատ արտահայտման և առանձնության սկզբունքների տարածման կազմակերպության դիտորդ անդամ»: Գուցե առաջիկայում Facebook-ը լիիրավ անդամ դառնա, իսկ մինչ այդ «քաղաքականապես ակտիվ միլիոնավոր օգտատերերի հրապարակումները, էջերը, like-երը և friend request-ներն օգնել են, որպեսզի Ցուկերբերգն ու նրա գործընկերները շատ հարուստ դառնան: Սակայն այս մարդիկ ավելի ու ավելի դժգոհ են այն բանից, թե Ֆեյսբուքստանը ինչպես է կառավարվում»,- արձանագրում է FP-ն:

 

Facebook-ն արգելափակված է Չինաստանի տարածքում, սակայն մեծապես օգտվում են չինալեզու աշխարհի մնացած մասում, այդ թվում՝ Հոնգ Կոնգում, Սինգապուրում և Թայվանում:

 

Հոնգ Կոնգում և Թայվանում Facebook-ը առաջնային քաղաքական գործիք է. դա է պատճառը, որ հունիսի 1-ի միջադեպի ժամանակ ինտերնետում անմիջապես դավադրության տեսությունների մասին ենթադրություններ տարածվեցին. այնտեղ պատրաստվում էին հունիսի 4-ին նշել Տիանանմենի հրապարակի կոտորածի 23-րդ տարելիցը: Սակայն այս ամենը նոր չէ. նման միջադեպերի մասին զեկուցումներ կան, որոնք թվագրվում են 2010-ով:

 

Որպես հակակշիռ FP-ն դիտարկում է պաղեստինցի Ռամզի Ջաբերի նոր նախաձեռնությունը՝ onlinecensorship.org, որտեղ Ֆեյսբուքստանի կառավարումից, ինչպես նաև՝ Twitter-ի, YouTube-ի, Flickr-ի և Google Plus-ի, դժգոհ մարդիկ կարող են հայտնել իրենց հրապարակումների ջնջման կամ սառեցման դեպքերի մասին: Փորձարկումների շրջան անցնող կայքը կսկսի գործել հունիսի վերջից՝ հուսով, որ Facebook-ի պես սոցմեդիայի ընկերությունները ավելի պատասխանատու կլինեն իրենց ծառայությունների ղեկավարման քայլերում:

Ո՞ւմ կարող են դիմել Ֆեյսբուքստանի ղեկավարությունից դժգոհ օգտատերերը. Foreign Policy