Եթովպիան արգելել է Skype-ն ու Google Talk-ը
Եթովպիայում արգելվել է ինտերնետի միջոցով ձայնային հաղորդակցության ծառայությունների օգտագործումը (VoIP): Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա»-ն` համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 24-ից, սակայն միջազգային լրատվամիջոցներին այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Մասնավորապես` արգելվել է Skype-ի ու Google Talk-ի օգտագործումը: Ինչպես նշում է հեռուստաալիքը` օրենքը խախտողներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Երկրի իշխանությունների մեկնաբանմամբ` այս քայլն արվել է «ազգային անվտանգության ապահովման ու տեղական հեռահաղորդակցային ընկերությունների մենաշնորհին աջակցության նպատակով»:
Հունիսի 7-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Եթովպիայի միակ ինտերնետ- պրովայդեր պետական Ethio-Telecom ընկերությունը զտիչ (ֆիլտր) է տեղադրել Tor ծառայության բաժանորդների համար: Tor-ը թույլ է տալիս ինտերնետ մտնել անանուն ու շրջանցել պրովայդերների արգելքները:
2010 թ.-ի տվյալներով` այս երկրում ինտերնետին հասանելիություն է ունեցել բնակչության մոտ 1%-ը:










