ԱՄՆ տիեզերական «անօդաչուն» 7 հազար պտույտ է կատարել Երկրի շուրջը և վայրէջք կատարել (տեսանյութ)
Փորձարարական հեռակառավարվող տիեզերական սարքը, որն իր կառուցվածքով ամերիկյան բազմակի օգտագործման մաքոքի փոքր տեսակն է հիշեցնում, այսօր բարեհաջող վայրեջք է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Վանդենբեր» ռազմաբազայի տիեզերակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Spaceflight Now համացանցային պարբերականին:
Առանց տիեզերագնացի աշխատող X-37B Orbital Test Vehicle 2-ը (OTV-2) ուղեծիր էր դուրս բերվել 2011թ. մարտի 5-ին Atlas 5 կրող հրթիռի օգնությամբ: Այդ ընթացքում սարքը մերձերկրային ուղեծրի վրա 468 օր և 13 ժամ է անցկացրել, Երկրի շուրջ ավելի քան 7 հազար անգամ պտույտ կատարելով:
«Ինչպես և իր նախորդը, 2010թ.-ին փորձարկված OTV-1-ը, OTV-2-ը կուսումնասիրվի և կվերանորոգվի: Թռիչքի հիման վրա կատարված եզրահանգումների հիման վրա կնախապատրաստվի հաջորդ առաքելությունը», - ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի քարտուղար Թրեյսի Բունկոն:
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության տեղեկություններով, հեռակառավարվող OTV-2-ը կծառայի որպես հենահարթակ արբանյակային տվիչների (датчик) և համակարգերի փորձարկման համար:
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, երկրորդ X-37B սարքի հետ աշխատանքի ընթացքում կօգտագործվի նախորդ առաքելությունների փորձը:
Սարքի առաքելության այլ մանրամասներ, ինչպես նաև բուն սարքի և մեկնարկի մասին տեղեկություններ չեն հրապարակվում դրանց գաղտնիության պատճառով:
Տեսանյութում ներկայացված է X-37B Orbital Test Vehicle-ի մեկնարկը:










