Կենտրոնադիր շարժիչով Maserati-ն Porsche 911 Turbo-ից ավելի լավ կառավարելիություն և Ferrari-ի հղոր շարժիչ կունենա (լուսանկարներ)
Maserati-ն համառություն է դրսևորում կենտրոնադիր շարժիչով սպորտային մեքենա ստեղծելու հարցում, որի համար իտալացիները կրկին կարող են մոդելային շարք ներառել GranSport անվանումը, գրում է Evo ամսագիրը:
Ապագա նորույթը պետք է Porsche 911-ի տարբեր տարատեսակների մրցակիցը դառնա, ինչի համար պետք է համալրվի 8 գլանային շարժիչով:
Ընկերության ղեկավար Հարալդ Ուեսթերը ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ նման մոդելի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում և որոշ մանրամասներ է հաղորդել:
Ապագա Maserati GranSport-ը հնարավորինս կմիասնականացվի Ferrari 458 Italia մոդելի հետ: Մասնավորապես, նորույթը Ferrari-ից կընդօրինակի 7 աստիճան ռոբոտացված փոխանցումատուփը և 8 գլանային 460 ձիաուժ շարժիչը:
Maserati հենահարթակի հիմքում կարբոնե մոնոկոկ կդրվի, որի շնորհիվ նորույթի քաշը խոստանում են պահել 1200 կգ սահմաններում:
Ընկերության տնօրենը Evo-ին հաղորդել է, որ ապագա սպորտմեքենան պետք է ապրանքանիշի սպորտայնության մարմնացումը և գաղափարախոսության կրողը դառնա, համապատասխանաբար, թողարկումից որոշ ժամանակ անց Maserati նաև մրցարշավային տարբերակ կստեղծի:
Ընկերության ղեկավար Հարալդ Ուեսթերի խոսքով, նա ցանկանում է, որ ապագա Maserati GranSport-ը Porsche 911 Turbo-ից ավելի լավ կառավարելիություն ունենա, և միևնույն ժամանակ ավելի ցածր գնով առաջարկվի:
Կանխատեսվում է, որ 2015թ., երբ նոր Maserati GranSport-ը արտադրության դրվի, իտալացիները տարեկան 2 հազար նման ավտոմեքենա կկարողանան վաճառել:










