Ֆուտբոլի նոր գնդակը կլանում է էներգիան և այն վերածում էլեկտրականության

13:17 • 18.06.12

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի մի խումբ ուսանողներ ֆուտբոլի նոր գնդակ են ստեղծել, որը խաղի 30 րոպեների ընթացքում էներգիա է կլանում և այն վերածում է 3 ժամվա սպառման բավարար էլեկտրականության, հաղորդում է CNN-ը:

 

Soccket անվանումով գնդակի «աննախադեպ ունակությունն» ապահովում է այն փաստը, որ դրանում տեղադրված են մետաղյա լարեր և մագնիսական ժետոն, որոնք խաղի ընթացքում անընդհատ ետուառաջ են շարժվում:

 

Գյուտի հեղինակները նշել են, որ գնդակը կօգնի առավելապես զարգացող երկրների բնակիչներին, որտեղ էլեկտրաէնեգիայի պակաս կա: Գնդակը պատրաստված է ոչ թանկարժեք նյութերից, որոնք հասանելի են նաև նման երկրներում: Դրա պատրաստման համար անհրաժեշտ գումարը համարժեք է սովորական ֆուտբոլի գնդակի պատրաստման համար օգտագործվող գումարիին:

 

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը բավական տպավորվել է այս գյուտով և նշել, որ «դա հիանալի տարբերակ է էլեկտրաէներգիայի պակաս ունեցող և միևնույն ժամանակ ֆուտբոլասեր մարդկանց համար` իրենց խնդրի լուծման հարցում»:

 

Գյուտարարներից մեկը` Ջեսիկա Լինը նշել է, որ գնդակի առավելությունն այն է, որ մարդիկ հնարավորություն կունենան զբաղվել իրենց սիրելի սպորտաձևով ոչ միայն հաճույքի, այլև իրենց կենցաղում շատ կարևոր էլեկրաէներգիայի ապահովման հարցը լուծելու համար:

 

Գնդակն արդեն փորձարկվել է Հարավային Աֆրիկայում. այն ջրակայուն է, բավական դիմացկուն և նույնիսկ փչելու կարիք չունի:

Ֆուտբոլի նոր գնդակը կլանում է էներգիան և այն վերածում էլեկտրականության