Իմ մեծ, չաղ աշխարհը. հաշվվել է մոլորակի բնակչության ընդհանուր քաշը
Մարդկանց ճարպակալումը նույնքան բացասական ազդեցությունուն ունի շրջակա միջավայրի կամ բնական պաշարների վրա, որքան վերաբնակեցումը, գրում է BMC Public Health ամսագիրը՝ հղում կատարելով Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի ուսումնասիրությանը:
Այս հաստատության գիտնականները առաջին անգամ հաշվել են Երկրի բնակչության ընդհանուր քաշը, որը, ըստ նրանց, 287 մլն տոննա է: Ընդ որում՝ 15 մլն տոննան բաժին է ընկնում ավելորդ քաշով մարդկանց, 3,5 մլն տոննան՝ ճարպակալությամբ տառապողներին: Ըստ հաշվարկի՝ միջին վիճակագրական հասուն մարդը կշռում է 62 կգ, սակայն ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 3 անգամ բարձր է:
Ընդհանուր առմամբ այս ցուցանիշը տարբերվում է աշխարհամասից աշխարհամաս. եթե Հյուսիսային Ամերիկայում հասուն մարդու մարմնի միջին քաշը 80, 7 կգ է, ապա Ասիայում՝ ընդամենը 57,7:
Բրիտանացի հետազոտողների տվյալներով Ասիային բաժին է ընկնում Երկրի բնակչության 61 տոկոսը և ընդհանուր քաշի ընդամենը 13 տոկոսը:
Ուսումնասիրության հեղինակները նշել են նաև առավելագույն և նվազագույն քաշով բնակչությամբ երկրները: Ամենից ծանրաքաշ երկրների շարքում ԱՄՆ-ից բացի դասվել են նաև Քուվեյթը, Խորվաթիան, Կատարը և Եգիպտոսը:
Ամենանիհար բնակչությամբ երկրներն են Վիետնամը, Եթովպիան և Էրիտրեան: Ըստ հեղինակների, սակայն, բանը միայն չքավորության գործոնը չէ նշված երկրներում, քանի որ նրանց հետ նույն շարքում է նաև բարեկեցիկ Ճապոնիան:










