ԱՄՆ-ն և Իսրայելն են պատասխանատու Flame վիրուս լրտեսի ստեղծման և ներդրման համար. Washington Post
ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններն են ստեղծել վերջերս հայտնաբերված Flame համակարգչային վիրուսը, որը, ինչպես պարզել են տեղեկատվական անվտանգության փորձագետները, ուղղորդված էր Իրանի և տարածաշրջանի մի շարք այլ երկրների կառավարական համակարգիչներից արդյունաբերական և ռազմավարական գծագրեր առևանգելու համար, հաղորդում է Washington Post պարբերականը` հղում կատարելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրներին:
Այս տարվա մայիսին հայտնաբերվեց մի բարդ վնասատու ծրագիր, որը, զանազան այլ գործողությունների շարքում, թիրախ համակարգիչներում փնտրել է PDF ֆայլեր, որոնցում հաճախ լինում են փաստաթղթեր, և DWG ֆայլեր, որոնք հիմնականում AutoCAD-ի ֆայլեր են և նախատեսված են տարբեր տիպի գծագրեր և նախագծեր ստեղծելու համար:
Վիրուսային ծրագիրը առավել մեծ տարածում էր ստացել Իրանում և մերձակա մի քանի երկրներում, ինչը փորձագետներին հնարավորություն է տալիս համարել, որ հիմնական թիրախը Իրանն էր:
Washington Post-ի աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը, ավելացնելով, որ վիրուսի ստեղծման հետևում կանգնած են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, ԿՀՎ-ն և իսրայելական հատուկ ծառայությունները: Գրոհի թիրախը իրանական միջուկային ծրագրի զարգացմանը խոչընդոտելն է:
«Այդ ամենը, նոր տիպի գազտնի գործողության նախապատրաստման մաս է հանդիսանում», - ասել է ԱՄՆ հետախուզական ծառայություններից մեկի բարձրաստիճան աշխատակիցը պարբերականի թղթակցին:
Նա նշել է, որ Flame-ը, ինչպես նաև 2010թ. հայտնաբերված Stuxnet վիրուսը, որը շարքից հանում էր իրանական ուրանի հարստացման ցենտրիֆուգները, հանդիսանում են մինչ օրս շարունակվող գործողության բաղադրիչ մաս:
Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ ԱՆԳ-ի և ԿՀՎ-ի ներկայացուցիչները այդ տեղեկությունները հրաժարվել են մեկնաբանել:
Պարբերականը գրում է, որ Flame-ը ստեղծվել է ավելի քան 5 տարի առաջ հատուկ՝ Իրանի համակարգչային ենթակառույցների գրոհի նպատակով:
Ամենավնասատու ծրագիրը ստեղծած հատուկ ծառայությունները իրենց վրա են վերցրել նաև դրա առաջին օրինակները ներմուծելու գործողությունները:
Հաշվի առնելով այն փաստը, որ Stuxnet-ի պարագայում գրոհի առարկա է դարձել SCADA համակարգը, որը համացանցին միացված չէր և արտաքին միջամտությունից պաշտպանող հատուկ համակարգ ուներ, ապա անհրաժեշտ էր գործողություն, որով կներդրվեր այդ ծրագիրը լոկալ ցանցերում, որը պետք է արվեր լրտեսների միջոցով:
Flame-ի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե առաջին անգամ ինչպես է սկսվել Իրանի կառավարական ցանցերի վարակումը, սակայն Washington Post-ի աղբյուրը չի բացառում, որ ինչպես և Stuxnet-ի պարագայում, դա նույնպես արվել է գործակալների միջոցով:










