Samsung-ն «արտոնագրային պատերազմում» առաջին անգամ հաղթել է Apple-ին
Նիդերլանդական դատարանը չորեքշաբթի կայացրած վճռով մասնակի բավարարել է հարավկորեական Samsung ընկերության հայցն ընդդեմ ամերիկյան Apple-ի, հայտնում է vestifinance.ru-ն: Համաձայն վճռի` Apple-ը պետք է փոխհատուցում տրամադրի որոշ արտադրատեսակներում կապի տեխնիկական միջոցների, ներառյալ` iPhone 3G, 3GS, 4 և iPad 1 ու 2, արտոնագրերի խախտման համար:
Իսկ հատուցման ծավալը կհաշվարկվի առաջիկա 2 ամիսների ընթացքում: Վերջնական գումարը կորոշվի Նիդերլանդներում 2010թ.-ի օգոստոսի 4-ից հետո ընկած ժամանակահատվածում Apple-ի` արտոնագիրը խախտած արտադրանքի վաճառքի ծավալներից ելնելով:
Փորձագետները կարծում են, որ այս որոշումը խորհրդանշական է, չնայած որ այն զգալիորեն ամրապնդում է հարավկորեական ընկերության դիրքերը, քանի որ դատարանն առաջին անգամ է «հաղթանակ շնորհում» Samsung-ին` նախորդ տարվա ապրիլից սկիզբ առած Samsung-Apple «արտոնագրային պատերազմում», երբ ընկերությունները մեղադրում են միմյանց տեխնիկական արտոնագրերը խախտելու մեջ:
Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Samsung-ի` ևս երեք տեխնիկական արտոնագրերի փոխհատուցման վերաբերյալ պահանջը:
Այս դիմակայությանը հետաքրքրություն է հաղորդում այն փաստը, որ Samsung-ը շահույթի ծավալներով խոշորագույն IT ընկերությունն է, իսկ Apple-ը` մաքուր եկամուտի: Ու չնայած սրան, երկու ընկերությունները շարունակում են մնալ գործընկերներ` Samsung-ը հիշողության չիփեր ու դիսփլեյներ է մատակարարում «խնձորային» սարքավորումների համար, իսկ Apple-ը հանդիսանում է այդ սարքավորումների խոշորագույն օտարերկրյա պատվիրատուն:










