«Օդնոկլասնիկին» նաև հայերեն «սովորեց»

15:07 • 22.06.12

«Օդնոկլասնիկի» (odnoklassniki) սոցիալական ցանցից օգտվող Հայաստանի բնակիչներն առաջիկայում կարող են կայքում ընկերների հետ շփվել նաև մայրենի լեզվով: Արդեն իսկ հայերեն է թարգմանված կայքի շարժական (Հայաստանում օգտատերի մոտ 30 %-ից ավելին կայք է մտնում մոբիլ շարժական տարբերակից- Tert.am) տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաև հիմնական կայքը:



 

Այս մասին այսօր հայաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Mail.Ru Group» ընկերության նախագիծ հանդիսացող «Օդնոկլասնիկի», «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

 

Նա նշեց, որ շարժական կայքի հայերեն տարբերակի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում «Օդնոկլասնիկի» ցանցում օգտատերերի ակտիվությունը գնալով աճում է:

 


«Մենք արել ենք հնարավորը, որպեսզի մեր սոցիալական ցանցում յուրաքանչյուրը կարողանա շփվել իր ծանոթների ու մտերիմների հետ՝ մայրենի լեզվով»,-ասաց Ալեքսանդր Իզրյադնովը:

 

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ, այս սոցիալական ցանցի օրական լսարանը Հայաստանում կազմում է 787 հազար մարդ, և օգտատերերի թիվն անընդհատ աճելու միտում ունի:

 


Հայ լրագրողները՝ ընկերության կոմերցիոն գծով ներկայացուցչից հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է փորձագիտական և շարքային օգտատերերի շրջանակներում առկա այն կարծիքը, որ «Ֆեյսբուք»-ը՝ ի տարբերություն «Օդնոկլասնիկի»-ի, շատ ավելի քաղաքականացված է, այն իմաստով, որ այստեղ ամեն օր տարաբնույթ քաղաքացիական նախաձեռնություններ են ծնվում և իրականացվում՝ ոչ վիրտուալ կյանքում:

 


«Իհարկե, չեմ կարող համաձայնել, որ «Օդնոկլասնիկին» բավարար դերակատարություն չունի հասարակական կյանքում, քանի որ այն արդեն հասարակությունն է, բայց, այո, համաձայն եմ, որ մյուսը՝ ավելի քաղաքականացված է: Ուղղակի ասեմ, որ մեծ տարբերություններ կան օգտատերերի մեջ, որովհետև «Ֆեյսբուքը» լինելով առավել քաղաքականացված, քանակական առումով ավելի պակաս է ներկայացված: Իսկ մերը՝ զանգվածային լսարան է, որը հեռուստացույց է գնում, մասնակցում ընտրությունների, գնում է ապրանքներ ( կայքի մատուցած ծառայությունների միջոցով) և անհնար է անտեսել «Օդնոկլասնիկին» որևէ մեկի կյանքից »,-ասաց Ալեքսադր Իզրյադնովը:

 


Նշենք, որ մոտ ապագայում կթարգմանվեն և հասանելի կլինեն Android, iOS Windowsphone, Symbian օպերացիոն հարթակների համար նախատեսված հավելվածները:

«Օդնոկլասնիկին» նաև հայերեն «սովորեց»