ԱՄՆ-ում բժիշկները հեռացրել են դեռևս չծնված երեխայի բերանի ուռուցքը

16:01 • 23.06.12

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Jackson Memorial հիվանդանոցի բժիշկները աննախադեպ վիրահատություն են իրականցրել` հեռացնելով դեռևս չծնված երեխայի բերանի խոռոչի ուռուցքը, գրում է Daily Mail-ը:

 

Մեկ ժամանոց վիրահատությունն իրականցվել է լազերային ճառագայթի միջոցով, իսկ հղիության 20-րդ շաբաթում գտնվող ապագա մայրը` Թամի Գոնսալեսը, տեղային անզգայացման շնորհիվ հնարավորություն է ունեցել հետևել ողջ գործընթացին:

«Դա ուղղակի ապշեցուցիչ էր. ես պարզ տեսնում էի, թե ինչպես է լուցկու տուփի մեծությամբ գունդը պոկվում երեխայի դեմքից և աստիճանաբար անհետանում»,- ասել է մայրը:

 

Թեև վիրահատությունն իրականցվել է 2010թ.-ի մայիսին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն վերջերս, քանի որ բժիշկները ստիպված էին սպասել , իրականացված վիրահատության վերաբերյալ իրենց հոդվածը տպագրվեր ամերիկյան Journal of Obstetrics & Gynaecology ամսագրում:

 

Ներկայում երեխան 2 տարեկան է և առողջական որևէ խնդիրներ չունի: Այս հիվանդությունը ի հայտ է գալիս 100 հազար սաղմերից 1-ի մոտ և հաճախ, արյունահոսություն առաջացնելով, դառնում երեխայի մահվան պատճառ:

ԱՄՆ-ում բժիշկները հեռացրել են դեռևս չծնված երեխայի բերանի ուռուցքը