ԱՄՆ-ը պատրաստվում է հաղթել թշնամիներին…կայծակների օգնությամբ
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը զբաղված է սկզբունքորեն նոր «սուպերզենքի» ստեղծմամբ: Ինչպես տեղեկացնում է «Լայֆսաենս» ամսագիրը, ամերիկացի գիտնականները զբաղված են կայծակների «վարժեցմամբ»:
Կայծակ-զենքի լաբորատոր փորձարկումներն անցկացվում են Նյու Ջերսի նահանգում` Սպառազինությունների մշակման, նախագծման ու հետազոտությունների կենտրոնում: Հրատարակության տվյալներով` ամերիկացի գիտնականները «ձեռաստեղծ» կայծակները ստեղծում են լազերի օգնությամբ, որն օդի մեջ հատուկ ալիք է ձևավորում, որին էլ ուղղվում է էլեկտրական լիցքավորումը:
«Դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները խոցում մեր ընտրած թիրախները, միայն հաճույք է»,- ասել է նախագծի գիտական ղեկավար Ջորջ Ֆիշերը:
Նրա խոսքով` լազերային ճառագայթով արված կայծակները հետագայում ունակ կլինեն երկրային թիրախներին հասցնել կետային հարվածներ: Դրանց օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել թաքնված ռումբերը կամ ոչնչացնել թշնամու զրահատեխնիկան:
Պենտագոնում համոզված են, որ նոր սերնդի զենքն իրականություն կդառնա արդեն մոտ ապագայում:










