BMW M5-ը և М6-ը զրկվում են մեխանիկական փոխանցումատուփից
Հաջորդ սերնդի BMW M5-ը և M6-ը այլևս չեն արտադրվի մեխանիկական փոխանցումատուփերով նույնիսկ հավելյալ համալրման տարբերակով: Բավարական կոնցեռնի М ստորաբաժանումը համարում է, որ նման տարբերակների գնորդները չափազանց փոքր թիվ են կազմում, որպեսզի նրանց համար առանձին մոդիֆիկացիա արտադրվի, հաղորդում է Inside Line պարբերականը:
Ներկայում BMW M5 սպորտային սեդանը կարելի է համալրել մեխանիկական փոխանցման տուփով, սակայն նման տարբերակ առկա է միայն որոշ երկրներում:
Հետագայում կոնցեռնը նախատեսում է ընդհանրապես հրաժարվել նման համալրումից:
Inside Line-ը` հղում կատարելով М ստորաբաժանման գլխավոր ինժեներ Ալբերտ Բիրմանին, տեղեկացնում է, որ սպորտային այդ մեքենաների հաջորդ սերնդի մեքենաները կունենան 7 աստիճան ռոբոտացված երկու կցորդիչներով М Drivelogic փոխանցումատուփ:
Չնայած նրան, որ մեխանիկական փոխանցումատուփը որպես համալրում գնորդի համար հավելյալ որևէ ծախս չէ, սակայն դրա կիրառումը արտադրողի համար բավականին ծախսատար է ինչպես նախագծման, այնպես էլ արտադրության ընթացքում: Վաճառքի ցածր ցուցանիշի պատճառով նման տարբերակները շահութաբեր չեն, և հետագայում չեն արտադրվի:
Չնայած, ինչպես հայտարարել է գլխավոր ինժեները, մեխանիկական փոխանցումատուփի առավել հավատարիմ սիրահարների համար դեռ մեկ ընտրություն կմնա: Նրանց կսփոփի BMW M3-ը, որը մեխանիկական փոխանցումատուփից ոչ ոք չի պատրաստվում զրկել:










