Ամերիկացիները անօդաչու սարքեր գողանալու արդյունավետ և պարզ միջոց են ստեղծել

02:02 • 27.06.12

ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականները մոտ 1000 ԱՄՆ դոլար արժեցող մի սարք են ստեղծել, որ հնարավորություն է տալիս գրավել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարումը, հաղորդում է The Times-ը:

 

Սարքը ստացել է «GPS սպուֆեր» (GPS spoofer) անվանումը: Այն հնարավորություն է տալիս միջամտել թռչող սարքի GPS տեղորոշման համակարգում և կամ ուղղորդել սարքը թռիչքի նոր ուղղով, կամ հրահրել դրա կորուստը:

 

«GPS սպուֆեր»-ի աշխատանքի հիմքում դրված է այն, որ սարքը անօդաչուին ավելի հզոր GPS ազդանշան է ուղարկում, քան այն, ինչ հեռակառավարվող սարքը ստանում է արբանյակներից: Այդպիսով ԱԹՍ-ին նոր կոորդինատներ են տրվում:

 


Հետաքրքիրն այն է, որ «GPS սպուֆեր»-ը ստեղծված է սովորական խանութներում առկա նյութերից և մասերից: Համակարգը հավաքելը դժվար չէ: Միակ դժվարությունը ծրագրային ապահովման մշակումն է, որը դեռ բաց մատչելիություն չունի:
Մասնագետների պնդմամբ, չարագործները նման սարք ինքնուրույն ստեղծելիս դժվարություն չեն ունենա:

 


Ներկայում ԱՄՆ-ում մի քանի հետազոտական նախագիծ է գործում, որոնք ուղղված են ԱԹՍ-ների կապուղիների անվտանգության ապահոմանը:


Նման նախագծերին հատուկ ուշադրություն է դարձվում այն բանից հետո, երբ 2009թ. պարզ դարձավ, որ Իրաքի ապստամբները արբանյականին ալեհավաքի և համացանցից գնած ծրագրային ապահովման օգնությամբ կարողացել էին բռնել ամերիկյան ԱԹՍ-ների հաղորդած տեսաազդանշանը:

 


Ազդանշանը ստանալու համար կիրառվել էր ռուսական SkyGrabber ծրագրային ապահովումը, որը վաճառվում է 25,95 դոլարով:

 


Իրանում նույնպես նման միջադեպ գրանցվեց 2011թ. դեկտեմբերին, երբ հնարավոր եղավ չեզոքացնել և բռնագրավել ամերիկյան գերժամանակակից RQ-170 Sentinel ԱԹՍ-ն: Իրանական կողմը հայտարարել էր, որ սարքը իրենց տրամադրության տակ է անցել դրա կառավարման համակարգը շարքից հանելու միջոցով:

 


Ռուսական փորձագետները պնդում են, որ իրանական ռազմական մասնագետներն այդ նպատակով կիրառել են ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի 1L222 «Ավտոբազա» համակարգը, որը տրամադրվել էր Իրանին 2011թ. հոկտեմբերին:

Ամերիկացիները անօդաչու սարքեր գողանալու արդյունավետ և պարզ միջոց են ստեղծել