Տիեզերքի ստեղծման համար Աստծո մասնակցությունը հարկավոր չի եղել. աստղաֆիզիկոս

17:20 • 27.06.12

Տիեզերքի ծագումնաբանությունը բացատրելու համար ամենևին էլ հարկավոր չէ դիմել Աստծո մասնակցության գործոնին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Կալիֆորնիայի համալսարանի ազգությամբ ռուս աստղաֆիզիկոս Ալեքսեյ Ֆիլիպենկոն` SETI` «Արտերկրային բանականության որոնման ինստիտուտի» համաժողովի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է «Հարկավո՞ր էր, արդյոք, աստվածային կայծը Մեծ պայթյունին»:


Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, նա, սակայն, չի հերքում Աստծո գոյությունը, ընդամենը նշելով, որ տիեզերքի ծագումը կարելի է բացատրել` առանց Աստծո մասնակցության: Ֆիլիպենկոյի խոսքով` Մեծ պայթյունը զանգվածային ընդլայնում է, որը տեղի է ունեցել 13.7 մլրդ տարի առաջ ու պայթեցրել հսկա փուչիկի նման տարածությունը, որն էլ հանգեցրել է Տիեզերքի` նման տեսքով գոյությանը: Իսկ դա, ըստ նրա, կարող էր տեղի ունենալ բացառապես ֆիզիկայի օրենքների շնորհիվ, գրում է Fox News-ը:

 

Գիտնականի ենթադրություններն արձագանք են գտել նրա գործընկերների շրջանում: SETI նախագծի ավագ աստղագետ Սեթ Շոստակը բացատրել է, որ քվանտային մեխանիկայի աշխարհում մեխանիկական տատանումները կարող են նյութեր ու էներգիաներ ստեղծել ոչնչից:

 

Ըստ Ֆիլիպենկոյի` քվանտային մեխանիկայում տատանումները կարող են տարածություն ստեղծել:

«Եթե, օրինակ, գտնվելով սենյակում` դուք կարող եք փոփոխել տարածությունն ու ժամանակն անհրաժեշտ ձևով, ապա կարող եք այդկերպ ստեղծել նոր տիեզերք: Այդ իսկ պատճառով, կարող է ստացվել, որ մեր Տիեզերքն ընդամենը մանկական նախագիծ է այլ տիեզերքում գիտական ցուցահանդեսի համար»,- ասել է նա:


Ըստ նրա` մենք քիչ բան գիտենք ֆիզիկայի օրենքների ստեղծման մասին:

«Սակայն, եթե նույնիսկ «աստվածային կայծն» է ծնել դրանք, ապա ի՞նչն է ծնել աստվածային կայծը: Այդ իսկ պատճառով եկե’ք կանգ առնենք ֆիզիկայի օրենքների վրա»,- ամփոփել է աստղաֆիզիկոսը` հավելելով, որ Աստծո գոյությունը դժվար թե հնարավոր է ապացուցել կամ հերքել որևէ գիտությամբ:

Տիեզերքի ստեղծման համար Աստծո մասնակցությունը հարկավոր չի եղել. աստղաֆիզիկոս