Բալթիկ ծովի հատակին հայտնված ՉԹՕ-ն հետազոտողներին իր մոտ չի թողնում (տեսանյութ)
Նախորդ տարի ամռանը շվեդ գիտնականները Բալթիկ ծովի հատակին հսկայական կլոր օբյեկտ էին հայտնաբերել, որը ավելի քան 18 մետր տրամագիծ ունի:
Լրագրողները գտածոն անմիջապես ստորջրյա ՉԹՕ են անվանել: Սակայն, մինչ այժմ «ափսեի» ծագման մասին դեռևս հստակ պատկերացում չկա: Կարծես թե, այն թույլ չի տալիս, որ իրեն ուսումնասիրեն, հաղորդում է Daily Mail-ը:
Շվեդ գիտնականները և նրանց հետ համագործակցող ջրասուզորդները մոտ մեկ տարի աշխատել են խորհրդավոր օբյեկտը ուսումնասիրելու համար, որը գտնվում է Բալթիկ ծովում 90 մ խորության վրա, սակայն այդ ուսումնասիրությունների արդյունքները դեռևս առաջընթաց չեն գրանցել:
Երկրաբանները դժգոհում են, որ էլեկտրոնային սարքերը, որոնք նրանք սուզում են «չպարզված օբյեկտը» ուսումնասիրելու համար, դադարում է աշխատել օբյեկտից 200 մ հեռավորության վրա:
«Շարքից դուրս է գալիս բառացիորեն ամեն սարք` ստորջրյա տեսախցիկները, արբանյակային հեռախոսները, համակարգիչները», - պատմել է արհեստավարժ ջրասուզորդ Ստեֆան Խոգեբորնը:
Նման բան տեղի է ունեցել մի քանի անգամ: Սակայն, երբ հետազոտողները հեռացել են օբյեկտից 300-500մ, սարքավորումները դարձյալ միացել են և կանոնավոր աշխատել:
Սկզբնական փուլում գիտնականները կասկածում էին, որ հսկայական կլոր օբյեկտը որևէ անսովոր բան իրենից կներկայացնի: Շատերը կարծում էին, որ «ափսեն» կամ անսովոր տեսք ստացած ստորջրյա ժայռ է, կամ վաղուց կատարված նավաբեկությունից մնացած մի բան, կամ անգամ երկնաքարի կտոր: Ամեն դեպքում ոչ մի անբնական բան: Սակայն այժմ գտածոյի վերաբերյալ իրենց կարծիքը փոխել են նույնիսկ առավել եռանդուն թերահավատները:
Ջրասուզորդ Դենիս Ասբերգը հայտարարել է, որ իր թիմին բախտ է վիճակվել իսկապես տարօրինակ երևույթի ականատես լինել:











