Աֆրիկյան վհուկների շրջանակները «կենդանի» են
Կենսաբան Ուոլթեր Չինկելը առաջինն է, ով նկարագրել է աֆրիկյան «վհուկների շրջանակների» կյանքի ցիկլը: Տեղի բնակչությունը դրանք անվանում է «աստվածների հետքեր»: Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակված է PLoS ONE-ում:
Վհուկների շրջանակները իրենցից կլոր գոյացություններ են ներկայացնում որոնք տարածված են հարավ արևմտյան Աֆրիկայի հարթավայրերում (վհուկների շրջանակները նաև շրջանաձև աճող սնկեր են անվանում): Դրանք սովորաբար զուրկ են խոտածածկույթից և հաճախ 12մ տրամագիծ են ունենում:
Այդ շրջանակների գոյացման պատճառը դեռևս անհայտ է, չնայած մի քանի վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն, այդ շրջանակները միջատների կենսագործունեության արդյունք են, սակայն թե ինչ միջատներ են դա անում` անհայտ է:
Իր նոր աշխատանքում Չինկելը ուսումնասիրել է շրջանակների ստեղծման և տեղաշարժման դինամիկան, այդ նպատակի համար կիրառելով արբանյակային լուսանկարները: Արդյունքում պարզվել է, որ դրանք սեփական կենսական ցիկլն ունեն, որը սկսվում է խոտի ոչնչացմամբ, շարունակվում է աճով, ապա ավարտվում է «վհուկների շրջանակի» ծածկմամբ:
Հատկանշական է, որ իրենց կյանքի ընթացքում շրջանակներն տեղում չեն մնում, այլ մշտապես տեղաշարժվում են:
Ուսումնասիրելով ստացված տվյալները, գիտնականը, կարողացել է նաև բացահայտել շրջանի կյանքի տևողությունը: Ինչպես պարզվել է, այն կախված է չափերից և միջինը 41 տարի է կազմում: Միևնույն ժամանակ, երկարակյաց շրջանները կարող են գոյատևել մինչև 70 տարի:
Կենսաբանի խոսքով, իր հետազոտության արդյունքները կարող են օգնել այդ առեղծվածային շրջանների բացահայտման հարցում, և հնարավոր է լույս կսփռեն դրանց բնույթի հասկացման վրա:










