Հայաստանում գինեկոլոգին դիմող յուրաքանչյուր 4-րդ կամ 5-րդ զույգը տառապում է անպտղությամբ
Հայաստանում գինեկոլոգի դիմող ամեն 4-րդ կամ 5-րդ զույգը տառապում է անպտղությամբ: Այս թվերն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի գինեկոլոգ Արման Սահակյանը՝ հենվելով իր պրակտիկայի վրա:
«Կանանց շրջանում անպտղությունների պատճառի հիմնական մասը սեռավարակներն են, հորմոնալ խախտումները, անատոմիական խնդիրները և այլն, իսկ տղամարդկանց մոտ հիմնական պատճառը սերմնահեղուկն է, որի որակական հատկանիշները հաճախ փոխվում են սթրեսային իրավիճակների մեջ լինելուց»,-ասաց բժիշկը:
Բժիշկը հավաստիացրեց, որ հագուստը՝ նեղ կամ կարճ, որակյալ ու անորակ սնունդը էական նշանակություն չեն կարող ունենալ վերարտադրողական ֆունկցիայի խանգարման համար: «Դրանք հնարավոր է նպաստող պայմաններ լինեն, բայց պատճառներ չեն կարող լինել»,-ասաց նա:
Հոգեբան Սիրանույշ Հակոբյանը նշեց, որ այսօր դեռևս զույգը միասին դիմում է գինեկոլոգին միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ այլ տարբերակ այլևս չկա: Ըստ նրա՝ հայերի մեջ դեռևս տարածված է այն կարծրատիպը, որ եթե զույգը երեխա չի ունենում, նշանակում է` խնդիրը կապված է կնոջ հետ:
«Հայաստանում զույգն ամուսնանալուց հետո հենց առաջին ամիսներին, երբ չի հղիանում, սկսում է սթրես ապրել: Պատճառն այն է, որ բոլորը սկսում են հարցնել, թե արդյոք չկա հղիություն և այդպես ամեն ամիս: Հոգեբանական այդ ճնշումն իր հերթին խանգարում է հղիանալուն»,- ասաց նա և ավելացրեց, որ հոգեբանների օգնությանը նման դեպքերում դիմում են հիմնականում կանայք:
Գինեկոլոգ Սահակյանը դրական համարեց այն, որ վերջին շրջանում լինում են զույգեր, որոնք դեռ ընկերության շրջանում որոշում են միասին դիմել մասնագետի:
«Տարեկան 5-6 նման դեպք ունենում եմ, որ զույգը գալիս է և ասում՝ մի քանի ամսից մենք պատրաստվում ենք ամուսնանալ ու ընտանիք կազմել, դրա համար ուզում ենք հավաստիանալ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Դա շատ ճիշտ մոտեցում է, և հույս ունենք ավելի մեծ տարածում կգտնի»,- ասաց նա:
Հոգեբանը նշեց, որ այսօր մեր հասարակությունը դժվարին մի փուլ է անցնում: Ըստ նրա՝ հասարակությունը միաժամանակ գնալով դեպի եվրոպական մտածողություն, որը քարոզում է ազատ սեռական հարաբերություններ, անում է ամեն ինչ, որպեսզի ոչ մեկ դրա մասին չիմանա:
«Գաղտնի սեռական հարաբերությունները բերում են որոշակի խնդիրների: Եթե գաղտնի է, ուրեմն նա չի կարող իր խնդիրները քննարկել, ժամանակին դիմել բժշկի օգնությանը: Այդտեղից էլ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ»,-նշեց հոգեբանը:










