iPad ապրանքանիշի համար Apple-ը Proview-ին է վճարել 60 մլն դոլար
Համաշխարհային IT- հսկա Apple-ի ու չինական Proview ընկերությունների միջև դատական քաշքշուկն ավարտվել է: Արդյունքում` Apple-ը չինական ընկերությանն է վճարել 60 մլն դոլար, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը:
«Այս որոշումը ձեռնտու է բոլորին»,- ասել է Proview-ի պաշտպանը:
Քաշքշուկի պատճառն iPad առևտրային ապրանքանիշի նկատմամբ իրավունքն է եղել: Proview-ն ապրանքանիշը Չինաստանում գրանցել է 2001թ.-ին: Նրա դուստր ընկերությունը` Proview Taipei-ն, այս ապրանքանիշի իրավունքները ստացել էր մի քանի երկրներում դեռ 2000թ.-ին: Apple-ը 2009թ.-ին գնել է Proview Taipei-ից այդ իրավունքը, սակայն Proview գլխավոր ըներությունը վստահեցնում է, որ Չինաստանի տարածքում այդ համաձայնագիրը չի տարածվում:
Փետրվարին Հուեյչժոու քաղաքային դատարանը ճանաչել է Proview Technology չինական արտադրողի իրավունքն iPad առևտրային աշպրանքանիշի նկատմամբ ու պարտավորեցրել տեղական մատակարարներին դադարեցնել Apple iPad պլանշետային համակարգիչների վաճառքը: Սակայն հետագայում այս որոշումը մերժվել է նույն դատարանի կողմից:










