Շոտլանդացի դիետոլոգները ստեղծել են առաջին դիետիկ պիցան

20:05 • 02.07.12

Շոտլանդացի դիետոլոգները պնդում են, որ իրենց հաջողվել է ստեղծել աշխարհի առաջին դիետիկ պիցան, գրում է BBC-ին: Նրանց խոսքերով՝ պիցան պարունակում է վիտամինների և հանքանյութերի օրական չափաբաժնի 30%-ը:

 

Դիետիկ պիցան ստեղծել են Գլազգոյի համալսարանի դիետոլոգ Մայքլ Լինը և գործարար Դոննի Մըքլինը:

Լինը նշում է, որ ռեստորաններում կամ սուպերմարկետներում վաճառվող պիցան նորմայից բարձր աղեր և ճարպեր է պարունակում, իսկ սննդարար նյութեր համարյա չկան:

 

Առաջին հերթին, դիետոլոգները պիցայի խմորի մեջ ավելացրել են ծովային ջրիմուռներ, որոնք արդեն կիրառվում են թանկարժեք հացերի մեջ, իսկ Վիտամին C-ի պարունակությունը բարձրացնելու համար տոմատի մածուկի մեջ ավելացրել են պղպեղ:

 

Պիցան հասանելի է լինելու միայն սառած վիճակում, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ նման կերպ սննդարար նյութերը ավելի լավ են պահպանվում:

 

Բրիտանական խոշորագույն սուպերմարկետների ցանցերից մեկը արդեն պատրաստ է գնել շոտլանդացիների ստեղծած դիետիկ պիցան:

Շոտլանդացի դիետոլոգները ստեղծել են առաջին դիետիկ պիցան