«ՎիվաՍել-ՄՏՍ»–ից համակարգչային լսարան և Wi-Fi՝ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնին
«ՎիվաՍել-ՄՏՍ»–ը Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ է ստեղծել, այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի հաղորդագրությունից։
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ, կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով:
«Home-Zone Turbo» փաթեթով գործող ևս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Միջազգային գիտակրթական կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաև մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով: Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում:
«Բարձրագույն կրթական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաև համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների և դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն»,– ասվում է հաղորդագրությունում:
«Մեր ցանկությունն է Հայաստանի բուհերը տեսնել աշխարհի համալսարանների հետ հավասար քայլելիս: Արտասահմանում Wi-Fi-ը համարվում է ինտերնետ կապի առաջնային միջոց: Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակաբար աջակցում է բուհերին կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Անկյունների ստեղծման շնորհիվ բուհերի ֆակուլտետների միջև և արտաքին աշխարհի հետ հնարավոր է դառնում ապահովել անխափան և արագ կապ: Wi-Fi անկյունները թույլ կտան տարատեսակ անլար միացմամբ սարքեր օգտագործողներին օգտվել ցանցի ընձեռած լայն հնարավորություններից:










