Google-ը կպահպանի վերացման վտանգի տակ գտնվող 3500 լեզու

15:28 • 04.07.12

Google ընկերությունը փորձում է ստեղծել աշխարհում ամենաընդգրկուն ծրագիրը, որի մեջ ներառված կլինի վերացման սպառնալիքի տակ գտնվող 3500 լեզու, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Google Endangered Languages Project կայքը հրավիրում է աշխարհի տարբեր մասերում բնակվող բանասերների և գիտնականների տեսանյութեր, տեսահոլովակներ, գրքեր և այլ նյութեր տեղադրել վտանգված լեզուների վերաբերյալ: Կայքին արդեն հաջողվել է կուտակել բավական մեծ արխիվ ցուցակում առկա 3000 լեզվի վերաբերյալ:

 

«Google Endangered Languages Project-ի միջոցով բոլոր այցելուներին հնարավորություն է ընձեռնվում կիսվել տվյալ լեզվի վերաբերյալ իրենց տեղեկություններով ու նյութերով: Մենք կարծում ենք, որ այս լեզուների պահպանումը կարելի է իրականացնել տեխնոլոգիաների միջոցով: Դրանց վերացման դեպքում մարդկությունը խոշոր մշակութային և գիտական կորուստներ կկրի»,- նշել է ծրագրի ղեկավար Կլարա Ռոդրիգեսը:

 

Ըստ ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպության տվյալների` ներկայումս աշխարհում գոյություն ունեցող 7000 լեզուներից միայն կեսին կհաջողվի գոյատևել մինչ 21-րդ դարի վերջը:

Google-ը կպահպանի վերացման վտանգի տակ գտնվող 3500 լեզու