Աֆրիկայում 6 հազար դոլարանոց ամենագնաց կարտադրվի (լուսանկարներ)

21:26 • 05.07.12

Աֆրիկյան ավտոարտադրողները սեփական պատկերացումներն ունեն մատչելի, բյուջետային մեքենայի վերաբերյալ: Եվրոպայի համար սովորական մատչելի սեդանների փոխարեն Mobius Motors ընկերությունը նախատեսում է Աֆրիկայում վաճառել էժան ամենագնաց ավտոմեքենաներ, որոնց գինը 6 հազար ԱՄՆ դոլարից պակաս պետք է լինի:


Ընկերությունը հայտարարել է արտաճանապարհային մեքենայի թողարկման մասին, որի «թիրախը ոչ միայն միջին աֆրիկյան ընտանիքն է», այլ այն նաև նախատեսված է, հաճախ գոյություն չունեցող, աֆրիկյան ճանապարհներով երթևեկելու համար:


Ընկերությունը, մեքենայի գինը նվազեցնելու համար որոշել է հրաժարվել քաղաքակրթության բազմաթիվ ավելորդ ճոխություններից: Այսպես, Mobius Two անվանումով մեքենան զուրկ է ոչ միայն օդորակիչից և աուդիոհամակարգից, այլ նաև կողային ապակիներից: Սակայն, դրանց փոխարեն մեքենան 350 մմ լուսածերպ և լիաքարշակ համակարգ ունի, և 8 ուղևոր կամ 500 կգ բեռ կարող է տեղափոխել:


Մեքենան խողովակային հենահարթակ ունի, որի վրա ձգվում են թափքի դետալները:


Շարժիչի մասին ստույգ տեղեկություններ դեռ չկան: Որոշ տեղեկություններով Mobius Two-ն շարժման մեջ է դրվում Toyota-ի 2լ ծավալով 4 գլանային շարժիչով:

Աֆրիկայում 6 հազար դոլարանոց ամենագնաց կարտադրվի (լուսանկարներ)