Պոկեր խաղալը օգնում է հասկանալ, թե ինչպես է ուղեղը գնահատում արարքի սոցիալական կարևորությունը
Մարդկանց միջև և համակարգչի հետ պոկերի սեանսները ցույց են տվել, որ մարդու ուղեղի կեղևում կա մի հատուկ հատված, որը գնահատում է ապագա գործողությունների «սոցիալականությունը», հայտարարում են նեյրոֆիզիոլոգները Science ամսագրում հրապարակված իրենց հոդվածով:
«Հիմնական նյարդաբանական տարբերություններ կան սոցիալական և ոչ սոցիալական իրավիճակներում (այսինքն մարդկանց հետ փոխազդեցության` առաջին դեպքում, և այլ հանգամանքներում` երկրորդ դեպքում) որոշումների կայացման հարցում: Սոցիալական ինֆորմացիան կարող է ստիպել մեր ուղեղին գործել ոչ այնպես, ինչպես կգործեր ոչ սոցիալական հանգամանքում:
Ուսումնասիրելով այն, թե ինչպես է մեր ուղեղը որոշում հնարավոր դաշնակիցներին և հակառակորդներին, կարելի է հասկանալ այնպիսի ֆենոմեններ, ինչպես մարդատյացությունը և էմպատիան», - հայտարարել է ԱՄՆ Դարլեմ քաղաքի Դյուկի համալսարանի կենսաբանների խմբի ղեկավար Սքոթ Հյութթելը:
Հյութթելի գլխավորած գիտական խումբը բացահայտել է գործողությունների սոցիալականության գնահատման ուղեղի հատվածը` հետազոտելով կամավորների 2 խմբի ուղեղի ակտիվությունը, որոնք պոկեր են խաղացել մարդկանց և համակարգչի հետ:
Գիտնականների պնդմամբ, ուղեղի ակտիվ գոտիների համեմատությունը հաստատել է դրա «սոցիալական» էությունը` մարդիկ ավելի ջանասիրաբար են խաղում մարդկանց, քան համակարգչի հետ:
Կենսաբանների խոսքով, գործողության սոցիալականության գնահատման և ուղեղի մյուս հատվածների հետագա ակտիվացման համար պատասխանատու է ուղեղի կեղևի մի միկրոսկոպիկ հատված, որը կոչվում է ժամանակա-պարիենտալ հանգույց:
Տվյալների հետազոտման արդյունքում գիտնականները սովորել են հասկանալ այն ազդակները, որոնք ստացվում են այդ հանգույցից, և դրա շնորհիվ կանխատեսել, խաղացողը բլեֆ կանի թե` ոչ, մարդու հետ խաղալուց:
Մյուս կողմից, ուղեղի տվյալ հատվածը տեսանելի ակտիվություն չի ցուցաբերել համակարգչի դեմ խաղալուց, և այդ պատճառով հետազոտողները չեն կարողացել «կարդալ» կամավորների մտքերը:
Հյութթելի գլխավորած գիտական խումբը պնդում է, որ գլխուղեղը տարբեր կերպ է արձագանքում սոցիալական տեսակետից կարևոր և անկարևոր խնդիրներին և դրա համար նեյրոնների կապերի տարբեր շղթաներ է գործի դնում:










