Samsung-ը բացատրել է Galaxy S III-ի «բոցավառման» պատճառը

12:04 • 09.07.12

Հարավկորեական Samsung ընկերությունն ավարտել է մեկ ամիս առաջ Իռլանդիայում տեղի ունեցած Galaxy S III սմարթֆոնի «ինքնահրկիզման» հետաքննությունը: Դուբլինի բնակչուհին boards.ie կայքի ֆորումում տեղադրել էր հաղորդագրություն, որտեղ նշել էր, որ մեքենան վարելիս, իր հեռախոսn առանց պատճառի «բռնկվել է ու կայծեր արձակել»:

Samsung-ի ներկայացուցիչները խոստացել էին պարզել կատարվածի պատճառը: Ընկերությունը կապնվել է Մեծ Բրիտանիայի հրշեջ ծառայության` FIUK-ի հետ, այնուհետ ծառայությանը տրամադրել սմարթֆոնի մի քանի մոդել, այդ թվում` այրվածը:

Ուսումնասիրելով նմուշները` փորձագետները եկել են եզրահանգման, որ պատճառն «էներգիայի արտաքին աղբյուրն է» եղել: Նշվել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե սարքը դրվեր կենցաղային միկրոալիքային վառարանի մեջ: FIUK-ը ենթադրել է, որ Galaxy S III-ի տիրուհին, հավանաբար, փորձել է չորացնել ջուրն ընկած սմարթֆոնը:


Որոշ ժամանակ անց Դուբլինի բնակչուհին նույն ֆորումում նոր հաղորդագրություն է տեղադրել, որտեղ նշել է, որ «հեռախոսի անսարքության համար մեղավոր է մեկ այլ մարդ, ով փորձել է սարքել ջուրն ընկած հեռախոսը»:

«Այն, ինչ տեղի է ունեցել, կանխամտածված քայլ չէ, այլ հիմար սխալ»,- խոստովանել է նա:

Samsung-ը բացատրել է Galaxy S III-ի «բոցավառման» պատճառը