Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի համար բրենդ են դարձել. Բագրատ Ենգիբարյան
Հայաստանը ոչ միայն դիրքավորվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, այլ նաև հետազոտական խնդիրներ լուծող կենտրոն է, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի համար արդեն բրենդ են դարձել: Ես կցանկանայի, որ ծիրանի և կոնյակի կողքին տեղեկատվական տեխնոլոգիաները նույնպես զարգացնան և հուսով ենք, որ Սիլիկոնյան հովտում Հայաստանի ներկայացուցչություն ունենալը լուրջ խթան կհանդիսանա այս ոլորտի զարգացման համար»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ավելի քան 300 կազմակերպություն կա այս ոլորտում:
Ամփոփելով նախնական ուսումնասիրությունները՝ նա նշեց, որ եթե այսպես շարունակվի, ընդհանուր առմամբ, այս ոլորտում կգրանցվի 20% աճ, իսկ տարին կամփոփվի 10 % աճով, քանի որ, ըստ նրա, վերջին 3 տարվա ընթացքում արդեն հիմնվել են մի շարք նոր կազմակերպություններ:
Այս ամենին զուգահեռ Բագրատ Ենգիբարյանը նկատեց, որ այս ոլորտում բարձրացել է միջին աշխատավարձը, անցնելով 1000 դոլարը:
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրենը թվարկեց համաշխարահային այն կազմակերպությունների անունները, որոնք համագործակցում են Հայաստանի հետ՝ առանձնացնելով Microsoft-ի հայաստանյան կենտրոնը, որը, նրա բնորոշմամբ՝ աշխարհի 10 լավագույն մասնաճյուղերից մեկն է:
Ըստ Ենգիբարյանի, Հայաստանը Mobile հետազոտությունների առումով Լեհաստանից հետո երկրորդն է: Ցանկը շարունակելով՝ հիշեց նաև Nokia-ի կողմից լաբորատորիաների ստեղծումը, որն այս տարի կստանա լրացուցիչ ֆինանսավորում:
«Հայ-հնդկական ուսումնական կոնտրոնում պատրաստվում են շուրջ 300 մասնագետներ՝ բարձր արագության համակարգչային ծրագրերի մշակման ուղղությամբ»,-տեղեկացրեց նա և բացեց մեկ գաղտնիք, այն է՝ տարածաշրջանում ՏՏ կենտրոնի զարգացման ուղղությամբ բանակցություններ են ընթանում Կորեայի և Չինաստանի հետ և այս նպատակով շաբաթվա վերջում Կորեայից Հայաստան կժամանեն մասնագետներ:
Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Արցախում և Գյումրիում նույնպես ՏՏ զարգացնելու համար կենտրոններ են ստեղծել, ուր ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան ներդրումներ են կատարվել:
«Գյումրիում Տեխնոպարկի շինարարությունը շատ ոգևորող է, այսօր 60 հոգի են վերապատրաստվում այդտեղ, ՏՏ զարգացման համար այդտեղ 4 լաբորատորիա է աշխատում: Նման կենտրոններ կբացվեն նաև Չարենցավանում և Վանաձորում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս ոլորտում սևծովյան երկրների պիլոտային ծրագրերը ղեկավարում է Հայաստանը:
Բագրատ Ենգիբարյանն հպարտությամբ նշեց, որ այսօր «Սինոփսիսը» տեղեկատվական սարքավորումներ է արտադրում, որի վրա գրում է՝ ոչ թե արտադրված է ԱՄՆ-ում, այլ Հայաստանում: Ավելին, Ենգիբարյանը փոխանցեց ոլորտի հայտնի մասնագետների կարծիքը, ըստ որի, ՏՏ ոլորտում Հայաստանը համարվում է Եվրոպայի և Ասիայի համակարգման կենտրոնը:
Բագրատ Ենգիբարյանը նաև անդրադարձավ ոլորտի մասնագետների արտահոսքին, նշելով, որ, ըստ նախնական ուսումնասիրությունների, Հայաստանից գնում է ՏՏ մասնագետների մոտ 7%-ը:
«Այսօր իրականում Հայաստանում ստեղծվում են ավելի շատ մասնագետներ, քան գնում են: Պետք է նկատել, որ նրանք չեն գնում աշխատանք որոնելու: Այսօր արդեն երիտասարդներն այդքան էլ չեն ձգտում հեռանալ Հայաստանից»- ասաց նա՝ նկատի ունենալով թվարկված հաջողությունները:










