Ռուսալեզու Wikipedia-ն գործադուլ է հայտարարել

09:16 • 10.07.12

Հուլիսի 10-ից կդադարի գործել Wikipedia-ի ռուսալեզու տարբերակը: Այն կփակվի` ի նշան ՌԴ Պետդումայում «Տեղեկատվության մասին» օրենքի` երկրորդ ընթերցմամբ քննարկման դեմ բողոքի. տեղեկացնում է vz.ru-n:


«Այդ փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ ինտերնետում իրական գրաքննություն սկսելու համար` արգելված կայքերի և IP հասցեների ցանկի ստեղծում` դրանց հետագա զտման համար»,- ասված է ինտերնետ-հանրագիտարանի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ:


Լոբբիստներն ու ակտիվիստները, որոնք աջակցում են այդ փոփոխություններին, պնդում են, որ դա կատարվում է միայն մանկական պոռնոգրաֆիայի տարածումն արգելելու և «նման բաների» համար:


«Օրենսդրության ընդունման պրակտիկան, որը գոյություն ունի Ռուսաստանում, խոսում է ամենավատ սցենարի հավանականության մասին, որի դեպքում մուտքը Wikipedia շուտով կարգելվի ամբողջ երկրում»,- ասված է հայտարարության մեջ:


Հուլիսի 10-ին ՌԴ պետդուման երկրորդ ընթերցմամբ կսկսի քննարկել օրենքը: Այն ուժի մեջ կմտնի երրորդ ընթերցումից հետո, ինչի ժամկետը դեռևս հայտնի չէ:


Օրինագծի հեղինակները ցանկանում են ստեղծել կայքերի, էջերի և ցանցային հասցեների ռեգիստր, որտեղ տեղադրված կլինի երեխաների համար վնասակար տեղեկատվություն, կարգելափակվի: Դա ենթադրում է, որ կստեղծվի «սև ցուցակ» կապված կայքի բովանդակության հետ:

 

Առաջին հերթին, դրանք կլինեն մանկական պոռնոգրաֆիա, ինքնասպանության, ինչպես նաև թմրանյութերի օգտագործման ձևերի մասին տեղեկատվություն տրամադրող կայքերը:

Ռուսալեզու Wikipedia-ն գործադուլ է հայտարարել