Ճապոնիայում գետնից բարձրությունն ու հարկը ցույց տվող տվիչ է ստեղծվել
Ճապոնական Omron ընկերությունը ստեղծել է բացարձակ ճնշման տվիչ, որը կառուցված է միկրոէլեկտրոմեխանիկական համակարգով (MEMS) և նախատեսված է սմարթֆոններում և ակտիվության մոնիթորինգի համակարգերում տեղադրվելու համար:
Նոր տվիչը կներկայացվի Micromachine/MEMS Robotech 2012 ցուցահանդեսում, որն այսօր մեկնարկում է Տոկիոյում, իսկ Omron-ի ստեղծած նորույթի սերիական արտադրությունը կսկսվի 2013թ. հունվարին, հաղորդում է sotovik.ru կայքը:
Սարքի ստեղծման ժամանակ կիրառվել է նույն տեխնոլոգիան, որn օգտագործվում է նաև զարկերակային ճնշման թվային ցուցիչներ պատրաստելիս:
Փոքրիկ` 3,8×3,8×0,92մմ չափերով սենսորը զգում է բարձրության փոփոխությունը 50սմ ճշտությամբ: Մեթոդն իրականացված է մթնոլորտային ճնշման և տվիչի ներսի վակուումային խցիկի համեմատության չափման ճանապարհով:

Սարքը նաև ներկառուցված ջերմաստիճանի տվիչ ունի, որը հնարավորություն է տալիս կարգավորել օդի ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված ճնշման սխալանքը:

Բացի վակումային խցիկից և սենսորներից, փոքրիկ տվիչի մեջ ճապոնացիները տեղավորել են միկրոպրոցեսոր, անալոգային ուժեղացուցիչ, թվային համապրոցեսոր և հիշողության անկախ սնուցման մարտկոց:










