Ի՞նչն է հաջորդելու Հիգսի բոզոնին. գիտնականները փորձում են «որսալ» մեկ այլ առեղծվածային մասնիկ
Հիգսի բոզոնի դարակազմիկ բացահայտումից հետո գիտնականները զբաղված են մեկ այլ առեղծվածային մասնիկի ` նեյտրինոների բացահայտմամբ, ինչն արվում է` օգտագործելով աշխարհի ամենամեծ IceCube հեռադիտակը, գրում է Daily Mail-ը:
Ներկայում շատ քիչ բան է հայտնի նեյտրինոների վերաբերյալ, սակայն դրանց բացահայտումը նոր լույս կարող է սփռել տիեզերքի առաջացման հարցի վրա: Ֆիզիկոսները կարծում են, որ դրանք իրենց մեջ թաքցնում են գալակտիկայի «ծննդի» և խորհրդավոր սև անցքերի մասին տեղեկություններ: Ենթադրվում է, որ այդ մասնիկները կարող են ճանապարհորդել միլիարդավոր լուսատարիներ տիեզերքի միջով` առանց կլանվելու կամ ձևափոխվելու մագնիսական դաշտերի և ատոմների կողմից:
«Իրականում պայթող աստղերի կողմից արձակվող նեյտրինոներն ամենուր են, և եթե ձեր մատը վեր պարզեք, ապա դրանով 1 վայրկայնում հարյուր մլրդ նեյտրինոներ կանցնեն»,- նշել է IceCube-ում աշխատող, ավստրալացի ֆիզիկոս Ջենի Ադամսը:
Երբ այդ մասնիկները շփման մեջ են մտնում սառույցի հետ, դրանք լույս ստեղծող լիցքավորված փոքրագույն մասնիկներ են արձակում, որոնք հնարավոր է որսալ հզոր հեռադիտակի միջոցով: Նախքան IceCube-ի ստեղծումը ֆիզիկոսներին հաջողվել էր ընդամենը 14 նեյտրինո ուսումնասիրել, սակայն հեռադիտակն օգտագործելով նրանք արդեն հարյուրավոր մասնիկներ են դիտարկել:
IceCube-ը պատրաստելու համար մասնագետներից շուրջ 10 տարի է պահանջվել: Այժմ այն գտնվում է Հարավային բևեռի տակ` 2.5 կմ խորության վրա:










