ԱՄՆ-ում «լազերային» սնուցմամբ անօդաչու սարք է փորձարկվել

22:17 • 13.07.12

Ամերիկյան Lockheed Martin և LaserMotive ընկերությունները իրականացրել են Stalker անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) փորձարկումը, որը սնվում է երկրից ստացվող լազերային ճառայագթով, հաղորդում է Defense Aerospace-ը:

 

Փորձարկման ընթացքում ԱԹՍ-ն օդում է մնացել 48 ժամ, ինչը 2400 տոկոսով ավել է Stalker-ի սովորական թռիչքի տևողությունից: Նման փոքր ԱԹՍ-ն, առանց լազերային վերալիցքավորման սարքավորման, օգտագործվում է ԱՄՆ ուժայինների կողմից հատուկ գործողությունների ժամանակ սկսած 2006 թվականից:

 

Փորձարկմանը նախապատրաստելիս սարքը այնպես է ձևափոխվել, որ այն հնարավոր լինի օդ բարձրացնել փակ սրահում: ԱԹՍ-ն տեղադրվել է աերոդինամիկ խողովակի մեջ, մարտկոցներում նվազագույն լիցքով, 48-ժամյա թռիչքի ավարտին Stalker-ի մարտկոցները ամբողջովին լիցքավորվել էին և այն կարող էր շարունակել թռիչքը, որը փոձարկողները հատուկ են դադարեցրել, քանի որ փորձարկման բոլոր առաջադրանքները իրականացված էին:



Հաջորդ փուլում կիրականացվի սարքի բաց տարածության փորձարկումները:


LaserMotive-ն «հավերժ» անօդաչու ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարել էր 2010թ.: Սարքի վերալիցքավորման տեխնոլոգիան հիմնված է լազերային սարքավորման կիրառման վրա, որը ճառագայթը ուղղելով սարքի վրա լիցքավորում է այն: ԱԹՍ-ի վրա տեղադրված են մոդիֆիկացված ֆոտոէլեմենտներ, որոնք լազերային ճառագայթի էներգիան էլեկտրականի են վերածում և դրանով լիցքավորվում են մարտկոցները:

 

ԱՄՆ-ում «լազերային» սնուցմամբ անօդաչու սարք է փորձարկվել