Տաջիկստանում կբացահայտեն համացանցում իշխանություններին վիրավորող գրառումների հեղինակներին և «կբուժեն» նրանց

17:13 • 14.07.12

Տաջիկստանում կստեղծվի համացանցի մոնիթորինգի հատուկ ծառայություն, որը «հասարակական կազմակերպության» կարգավիճակ կունենա, հաղորդում է SecurityLab-ը` հղում կատարելով Asia-Plus պարբերականին:


Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգա Զուխուրովը լրագրողներին պատմել է, որ մոնիթորինգի խմբում ներառված կլինեն կամավորներ, որոնք կհետևեն համացանցում արվող մեկնաբանություններին:

«Ստեղծվող կազմակերպության կամավորները կհետևեն և կբացահայտեն այդ մեկնաբանությունների հեղինակներին», - հայտարարել է պաշտոնյան:

Նրա խոսքով, նման գրառումները պատվիրված են, և դրանց հեղինակները խոշոր գումարներ են ստանում «տաջիկ ժողովրդի թշնամիներից»:


Թե ինչ պատիժ է սպառնում հայտնաբերված օրինախախտներին, որոնք իրենց գրառումներով վիրավորել են երկրի ղեկավարությանը, դեռևս չի մանրամասնվում:

«Ես դա չգիտեմ, հավանաբար, նրանց կբուժեն և ճիշտ ուղու վրա կդնեն», - ասել է Զուխուրովը:


Կապի ծառայության պետն ավելացրել է, որ նման մի քանի մեկնաբաններ, ովքեր համացանցում անհարիր արտահայտություններ են արել, արդեն բացահայտվել են, սակայն նա չի մանրամասնել, թե նրանց հետ ինչ է տեղի ունեցել, քանի որ դա «արդեն իր իրավասությունների մեջ չի մտնում»:


Ներկայում Տաջիկստանում վիրավորական գրառում հայտնաբերելու դեպքում, տվյալ կայքը կարող է արգելափակվել: Օրինակ, նախորդ ամիս երկրի կապի ծառայությունը արգելափակել էր Asia-Plus պարբերականի կայքը, զրպարտչական գրառման համար: Գրությունը հեռացնելուց որոշ ժամանակ անց միայն կայքը սկսել է գործել:

Տաջիկստանում կբացահայտեն համացանցում իշխանություններին վիրավորող գրառումների հեղինակներին և «կբուժեն» նրանց