Առաջին վարսահարդարիչը եղել է փոշեկուլի մեծությամբ հսկայական սարք
Վերջերս ի հայտ եկած մի լուսանկար բացահայտում է, որ անցյալ դարի քսանական թվականներին ստեղծված վարսահարդարիչն էապես տարբերվում է ներկայում օգտագործվողներից, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նաև նշում է, որ 90 տարի առաջվա վարսահարդարիչն իրենից փոշեկուլից էլ մեծ մի հսկայական սարք է ներկայացրել մի քանի փողրակներով: Սակայն տված արդյունքն այդքան էլ գոհացուցիչ չի եղել` դատելով այն ժամանակվա կանանց` մազերը ծածկող գլխարկ կամ գլխաշոր կրելու սովորությունից:
Հայտնի է, որ մազերի հարդարման սարքի գյուտը պատկանում է ֆրանսիացի վարսավիր Ալեքսանդր Գոդեֆոյին, ով ստեղծել է առաջին վարսահարդարիչը 1890 թ.-ին` իր գեղեցկության սրահում օգտագործելու համար: Սարքի ստեղծման հարցում ֆրանսիացուն ներշնչել է փոշեկուլը, սակայն դրա մեծության և անհարմարվետության համար այն չի օգտագործվել մյուս սրահներում: Իրականում առաջին վարսահարդարիչն իրենից մեկ երկար փողրակով փոշեկուլ է ներկայացրել:










