Յուղոտ չալաղաջներից, կրեմով տորթերից հրաժարվեք. ՀՀ գլխավոր վարակաբանի հորդորը
«Հանրապետությունում հանգիստ իրավիճակ է. ոչ Երևանում, ոչ մարզերում, բարեբախտաբար, լուրջ իրավիճակային փոփոխություններ չկան, ոչ համաճարակային, ոչ նախահամաճարակային իրավիճակներ չկան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը` մեր խնդրանքով ներկայացնելովվ հանրապետությունում առկա իրավիճակը` կապված եղանակային պայմանների հետ:
Թեև համաճարակային իրավիճակ չկա, բայց մասնագետն ամռան շոգին խնդիրներից խուսափելու համար ազգաբնակչությանը մի շարք խորհուրդներ տվեց: «Խնայողաբար վերաբերվեք ձեր աղեստամոքսային տրակտին` ամռան շոգին մի ընդունեք ձմեռային սնունդ: Օրական գոնե մեկ անգամ մածուն կերեք, խուսափեք ծանր սնունդից, ավելի շատ բանջարեղենով սնվեք: Խուսափեք յուղոտ չալաղաջներից, կրեմով տորթերից ու նաև աղացած մսից, որովհետև դա ևս ամենաշուտ փչացող սննդամթերքներից է»,- նշեց Արա Ասոյանը: Նա նաև հատուկ հիշեցրեց օրական 1-1,5 լիտր հեղուկ` սովորական ջուր կամ հյութեր օգտագործելու անհրաժեշտության մասին:
Tert.am-ը փորձեց տեղեկանալ նաև արդյո՞ք ամռան շոգերի պատճառով ավելացել են շտապօգնության կանչերը: «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղում չէր, իսկ փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը խնդրեց մի երկու օր սպասել և տնօրենից կստանանք մեր հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, նա նշեց, որ շտապօգնության կանչերի վիճակագրությունն առանձնապես չի փոխվել:
«Հայպետհիդրոմետից» Tert.am-ը տեղեկացավ առաջիկա օրերի եղանակային սպասումների մասին: «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը մեզ հայտնեց, որ այս պահին դեռևս չկա կանխատեսում, թե ինչպիսին կլինի գալիք օգոստոսը: Պետրոսյանի խոսքով` դրա մասին իրենք կկարողանան խոսել մի քանի օրից միայն:
Այս օրերի եղանակային կանխատեսումները, Զարուհի Պետրոսյանի խոսքով, հետևյալն են. առաջիկա երկու օրերին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում նաև կարկուտ: 3-4 օր հետո ջերմաստիճանը կբարձրանա` Արարատյան դաշտավայրում` հասնելով 37 աստիճանի: Մեր հարցին, թե նախորդ տարվա հուլիսի այս շրջանի համեմատ այս տարի ինչպիսին է եղանակը, բաժնի պետը պատասխանեց. «Անցած տարվա հուլիսն աննախադեպ շոգ էր: Անցած տարվա հուլիսի այս օրերին ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել, իսկ այս տարի տեղումներով համեմատաբար ոչ շոգ եղանակ է»:










