Ալբատրոսի թռիչքի կրկնօրինակումը օգնել է նոր որակի տնտեսող անօդաչու սարքեր ստեղծել
Ամերիկացի գիտնականները առաջին անգամ անօդաչու թռչող սարք են ստեղծել, որը կարողանում է սավառնել օդի հոսանքների օգնությամբ ինչպես ալբատրոս թռչունը: Դրա հաշվին սարքը սովորական սարքերից քիչ է էներգիա ծախսում, հաղորդում է Oceanus պարբերականը:
ԱՄՆ Վուդսհոլ օվկիանագիտական ինստիտուտի աշխատակից Ֆիլ Ռիչարդսը ավտոմատ թռչող սարք է ստեղծել, որը ալբատրոսի օդում մնալու հմտությունն է կիրառում: «Ռոբոտ ալբատրոսը» օդային հոսանքների հաշվին սավառնելու շնորհիվ տնտեսում է շարժիչների աշխատանքը, սակայն չի կարող համեմատվել իրական ալբատրոս թռչնի հետ թռիչքի մանևրայնությամբ: Օրինակ, սարքը չի կարող ջրին շատ մոտ սավառնել, իսկ ալբատրոսները կարող են նույնիսկ թևերով դիպչել ջրին և շարունակել օդում մնալ, սակայն սարքը նման պարագայում կխորտակվի:
«Մոդելը, որը ես սկզբում էի պատրաստել, ավելի շատ էր թռչուն հիշեցնում, սակայն իրական ալբատրոսից շատ դանդաղ էր թռչում: Այդ պատճառով փոխեցի կառուցվածքը, որն այժմ թեթև սահասավառնակ է հիշեցնում», - ասել է գիտնականը:










