Վիկտոր Համբարձումյանի մրցանակին արժանեցել են միանգամից երկու միջազգային գիտնականներ
Հայ նշանավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի 2012թ. միջազգային մրցանակը այս տարի կշնորհվի պրոֆեսոր Յան Էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆեսոր Իգոր Նովիկովին (Ռուսաստան): Այս մասին այսր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Մրցանակին արժանանալու համար գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների ու գիտական խմբերի 12 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի որոշվեց մրցանակը կիսել երկու մասի: Մրցանակը կազմում է 500 հազ. ԱՄՆ դոլար, բայց այս դեպքում նրանցից յուրաքանչյուրը կստանա 250 հազ. ԱՄՆ դոլար»,-ասաց Ռադիկ Մարտիոսյանը:
Բյուրականի աստղադիտարանի առաջին կարգի գիտնական Արեգ Միքայելյանը հանձնաժողովը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել բոլոր գիտական աշխատանքները և վերջում միաձայն ընտրել վերոնշված գիտնականներին:
«Յան Էյնաստոն մրցանակին արժանացավ թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար, իսկ Իգոր Նովիկովը՝ ջերմ տիեզերքի մոդելի դիտորդական հաստատաման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»,- ասաց նա և մանրամասն ներկայացրեց գիտության այս ձեռքբերումների նշանակությունը:
Ռադիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է 2009թ-ի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
«Այն նպատակ ունի հավերժացնելու Վիկտոր Համբարձումյանի հիշատակը ամբողջ աշխարհում, քանի որ նրա ներդրումը գիտության մեջ շատ մեծ է եղել: Նա ղեկավարել է մի շարք միջազգային գիտական ընկերություններ: Նա ոչ միայն մեր գիտության կազմակերպիչներից է, այլ նաև որպես այդպիսին հայտնի էր ամբողջ աշխարհում»,-ասաց նա:
Արեգ Միքայելյանն էլ նշեց, որ մրցանակը ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավաոում կարևորագույն մրցանակներից մեկն է և տրվում է երկու տարին մեկ անգամ: «Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ»,-ասաց նա:
Նշենք, որ մրցանակի հանձման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Երևանում:










