Տանը բնական ճանապարհով ծնվածներն առաջնորդի ընդունակություններ են ունենում. հոգեբույժ
Տանը, բնական ու հանգիստ պայմաններում, ծնված երեխաներն իրենց հետագա կյանքում հաճախ դրսևորում են լիդերի ունակություններ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը (աջում)։
Ըստ նրա՝ տանը ծնված երեխաները ծննդաբերական տրավմաներից զուրկ են, խաղաղ են, հանգիստ, չեն հուզվում ու լարվում, ագրեսիվ չեն:
«Ծննդաբերությունից է սկսվում մարդու կյանքը, երեխան ինչպես գալիս է աշխարհ, այնպես էլ շարունակվում է նրա կյանքը: Այն, ինչ կատարվում է երեխայի հետ ծննդաբերությունից հետո, կանխորոշում է նրա ապագա վարքը, բնավորությունը»,– ասաց նա:
«Երեխայի ծնունդը հիվանդանոցային երևույթ դարձնելը, մեկուսացնելը նշանակում է դրա յուրահատուկ, սուրբ բնույթը խեղաթյուրել: Բնական ծնունդը՝ բնական պրոցես է: Բնական ծննդաբերությունը դեմոնստրատիվ երևույթ չէ, ինչպես դա դառնում է հիվանդանոցում: Դա շատ գաղտնի, ներքին ու յուրահատուկ երևույթ է»,- բացատրեց նա։
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի հոգեբույժը, երբ հիվանդանոցային պայմաններում կատարված ծննդաբերությունը համարում է «դեմոնստրատիվ երևույթ», Արթուր Պողոսյանը պատասխանեց. «Երբ ծննդաբերությունը տեղափոխվեց հիվանդանոց, բժիշկներն իրենց հարմարության համար կնոջը տեղադրեցին սեղանի վրա և նրա ոտքերը բարձրացրեցին վեր, ինչը անբնական է: Եթե որևէ կին ինքնուրույն ծննդաբերի, նման անհարմար դիրքում չի հայտնվի: Կնոջ այդ դիրքը գրավիտացիոն ուժերին հակառակ է և ծննդաբերական կանալը մոտ 30% նեղացվում է»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր եվրոպական մի շարք երկրներում կանանց մեծ մասը տանն է ծննդաբերում:
Խոսելով տանն անցկացվող ծննդաբերությունների մասին, բժիշկն ընդգծեց, որ նկատի չունի, որ երեխան պետք է ծնվի առանց մասնագետի օգնության, քանի որ դրանց 10%-ի դեպքում բարդություններ են առաջանում:
«Իհարկե, ամեն ընտանիք ունի իր բարոյական նորմերը: Մի ընտանիքի համար դա նորմալ բնական երևույթ է, մյուսի համար՝ անընդունելի ու սթրեսային: Ամեն մարդ պետք է ընտրի այն, ինչ հարմար է իր ընտանիքին»,– նկատեց նա:
«Համենայն դեպս, բնությանը մոտ գտնվելը, ինքդ քո բնական իմպուլսներին ու ինստինկտներին տեղյակ լինելը և դրանց սոցիալական հղկման հետևանքով առաջացած փոփոխություններին տեղյակ լինելը՝ բարեկիրթ ու զարգացած մարդու պարտականությունն է»,- ասաց մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը:










