Հնագետները Թուրքիայում անհետացած առյուծի պատկերով խեթական քանդակներ են փրկել ոչնչացումից (լուսանկարներ)
Խեթական մշակույթի գրանիտե խոշոր որմնաքարեր, որոնց վրա առյուծի պատկերներ են քանդակված, հայտնաբերվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական հատվածում:
Խեթական մշակույթի այդ ռելիեֆները, որոնք կերտվել են 3400-3200 տարի առաջ, մեծ պատմագիտական արժեք են ներկայացնում, գրում է vesti.ru-ն:
Կործանումից հազարամյակներ անց երբեմնի հարուստ մշակութային ավանդ թողած ժողովրդից քիչ վկայություններ են մնացել, և առավել քիչ են հետագա սերունդների կողմից չվնասվածները: Այդ իմաստով նոր գտնված առյուծների պատկերները բացառություն չեն` ժամանակակից Թուրքիայում դրանք ոչնչացման եզրին էին: Գրանիտի մի կտորը պայթեցվել էր դինամիտով, մյուսը մեխանիկական վնասվածքներ ունի:
Հնագետները դա բացատրում են նրանով, որ տեղի բնակչության շրջանում մի սխալ համոզմունք է տարածված, թե իբր նման քարերում հարստություն է թաքցված:
Սակայն գիտնականները կարողացել են վերականգնել քանդակները և արդեն առաջին եզրակացություններն են արվել:
Մասնագետները պարզել են, որ պատկերված կենդանին ասիական առյուծն է, որը նախկինում բնակեցված է եղել հայկական բարձրավանդակում, իսկ ներկայում չկա վայրի բնության մեջ: Այդ տեսակի մոտ 300 կենդանի ապրում է միայն Հնդկաստանի Գիրս արգելոցում: Հենց այդ առյուծի երախն են պատռում առասպելական հերոսներ Մհերը և Հին կտակարանից հայտնի Սամսոնը:
Հետաքրքրական է, որ ոճային իմաստով երկու ռելիեֆները իրարից տարբերվում են, և ըստ գիտնականների դա նշանակում է, որ կատարված են տարբեր հեղինակների կողմից:
Հնագետների համար անհասկանալի է դեռ դրանց նպատակը: Բանն այն է, որ մոտակայքում հին խեթական բնակավայրեր չեն հայտնաբերվել: Քիչ է հավանական, որ պատրաստի ռելիեֆները տեղափոխվել են մեծ տարածության վրա: Դրանք մեծ չափեր ունեն, և յուրաքանչյուրը ավելի քան 5 տոննա քաշ ունի:
Գիտնականները նշում են, որ հանելուկի լուծման բանալի կարող է դառնալ կրոնը, քանի որ խեթերի հավատամքում բնությունը հատուկ` սրբագործված դեր էր խաղում:
«Հավանական է, որ առյուծները նախատեսված են եղել մոտակայքում գտնվող աղբյուրների համար, որոնք կարող էին սուրբ լինել: Մենք արդեն խեթերի ավանդույթների մասին որոշ պատկերացում ունենք. նրանք ջրի աղբյուրները քանդակներով էին շրջապատում, և մեր գտածոն կարող է բացատրվել այդ ավանդույթի միջոցով», - ասել է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սամմերսը:










