Օդեսայի ափերի հանգստացողներին վախի մթնոլորտում են պահում թունավոր հրեշ-ձկները
Թունավոր հրեշ ձկները հայտնվել են Օդեսայի ափամերձ գոտում: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ դրանց հետ կոնտակտից արդեն մի քանի տուժածներ կան:
Ձկները ոսկեգույն կամ մարգարտագույն են և նման են սևծովյան գոբի ձկանը: Մարդկանց ձուկը վնասում է իր փշերով: Սովորաբար այն թաքնվում է ավազում, այդ պատճառով մարդիկ, չտեսնելով, հաճախ տրորում են նրանց: Ձկան թույնից վերջույթները այտուցվում են և ողջ մարմնով ուժեղ ցավ է տարածվում: Երկարատև ազդեցության դեպքում թույնը կաթված կարող է առաջացնել, հազվադեպ նաև` մահվան հանգեցնել:
Հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտի Օդեսայի մասնաճուղի տնօրեն Բորիս Ալեքսանդրովի խոսքով, հրեշ-ձուկը Սև ծովի ամենավտանգավոր բնակիչներից է: Դրա խայթոցի դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես բժշկի դիմել:









