Samsung-ը երկրորդ եռամսյակում մեծացրել է մաքուր շահույթը 48%-ով
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը 2012թ.-ի երկրորդ եռամսյակում 48%-ով ավելացրել է մաքուր շահույթը` (5.19 տրլն վոն` մոտ 4.54 մլրդ դոլար)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է vz.ru-ն:
Ապրիլ- հունիսին Samsung-ի գործառնական շահույթն ընկերության համար ռեկորդային գումար է սահմանել` 6.72 տրլն վոն (մոտ 5.9 մլրդ դոլար):
Reuters գործակալության կողմից հարցման ենթարկված վերլուծաբաններն ավելի վաղ կանխատեսել էին, որ գործառնական շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս եռամսյակում կարող է ավելանալ 77%-ով` 6.67 տրլն վոնով` Galaxy սմարթֆոնների վաճառքի ֆոնին: Սակայն աճը գերազանցել է կանխատեսումները` կազմելով 79%:
Միևնույն ժամանակ, ընկերության մաքուր շահույթը չի արդարացրել Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված վերլուծաբանների սպասումները, որոնք սպասում էին 5.54 տրլն վոնի շահույթ (գրանցվել է 5.19 տրլն վոն):
Ընկերության շահույթի աճը հիմնականում գրանցվել է IT&Mobile միավորների հաշվին: Բջջային սարքերի վաճառքից ստացված շահույթն ավելացել է 75% -ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 20.5 տրլն վոն (մոտ 17.96 մլրդ դոլար):
Samsung-ը չի բացահայտել ապրիլ- հունիսին վաճառված սմարթֆոնների ու պլանշետների թիվը` միայն նշելով դրանց զգալի աճը:
Ապրիլ- հունիսին ընկերությունը շուկա է հանել նոր Galaxy S III սմարթֆոնը, որը համարվում է Apple ընկերության iPhone սմարթֆոնի հիմնական մրցակիցը:
Երրորդ եռամսյակում ընկերությունը կանխատեսել է բջջային սարքերի պահանջարկի աճ` առաջին հերթին զարգացող շուկաներում: Այն կանխատեսում է նաև պահանջարկի աճ իր պլանշետային համակարգիչների ու հեռուստացույցների համար:









